25 11 2019

ՊԵԿ-ը հորդորում է մաքսազերծված մեքենաները դուրս բերել մաքսատնից

ՊԵԿ-ը հորդորում է մաքսազերծված մեքենաները դուրս բերել մաքսատնից

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ Երևանի Նորագավիթ թաղամասում տեղակայված, ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների տարածքի` ՀՀ ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետը չի երկարեցվելու, և ժամկետի ավարտից հետո այդ տարածքում մաքսային մարմինները որևէ ծառայություն չեն մատուցելու: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Տվյալ տարածքում դեռևս գտնվող ավտոմեքենաների տերերին ՊԵԿ-ը հորդորում է շուտափույթ իրականացնել դրանց մաքսային ձևակերպումը և դուրս բերել մաքսային հսկողության տարածքից:

Հակառակ պարագայում տարածքի վարձակալության ժամկետի ավարտից հետո մաքսային մարմինները որևէ կերպ չեն երաշխավորում բաց թողումից հետո այդ տարածքում մնացած ավտոմեքենաների պահպանությունը: Իսկ մաքսային հսկողության ենթակա ավտոմեքենաները կտեղափոխվեն մաքսային հսկողության այլ՝ գործող տարածք:

Գյումրի քաղաքում տեղակայված Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում ձևակերպման համար ավտոմեքենաներ փոխադրող կազմակերպություններին ՊԵԿ-ը կոչ է անում կենտրոնում կայանած ավտոմեքենաների տերերին հորդորել՝ շուտափույթ ավարտել դրանց մաքսային ձևակերպումները և դուրս բերել մաքսային հսկողության գոտու տարածքից, քանի որ հակառակ պարագայում կենտրոնում կայանած ավտոմեքենաների կողմից զբաղեցված տարածքի մեծացմանը զուգահեռ խնդիրներ են ստեղծվելու նոր ժամանող ավտոմեքենաների տեղավորման, այդ թվում՝ ավտոկրող տրեյլերների ու բեռնարկղերի բեռնաթափման համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ