21 11 2019

Համաներմամբ ազատ արձակվածներից 99-ը կատարել են նոր հանցագործություններ

Համաներմամբ ազատ արձակվածներից 99-ը կատարել են նոր հանցագործություններ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ արձակված 660 դատապարտյալներից և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում հաշվառված 2833 շահառուներից 2019 թվականի նոյեմբերի 12-ի դրությամբ 99-ը կատարել են 210 նոր հանցագործություն: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ գլխավոր դատախազությունից նշեցին, որ ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացված հսկողություն իրականացնել համաներմամբ պատժի հետագա կրումից ազատված, ինչպես նաև նախաքննության և դատաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցված այն անձանց հետագա վարքագծի նկատմամբ, որոնք մեղադրվել են դիտավորությամբ կատարված հանրորեն առավել վտանգավոր արարքների համար և որոնց ազատության մեջ գտնվելու ընթացքում դրսևորած վարքագիծը նախկինում աչքի է ընկել քրեածին բարձր ռիսկայնությամբ:

«Այս ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքներով կազմվել և ոստիկանություն է ուղարկվել արդեն իսկ պատժի կրումից ազատված, վերը նշված ռիսկերը պարունակող անձանց ցանկ՝ նրանց մշտական օպերատիվ տեսադաշտում պահելու, այդ անձանց մոտ հանցանք կատարելու նախահակվածությունը նվազագույնի հասցնելուն ուղղված համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար»,- ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

2018 թվականի նոյեմբերի 1-ին Ազգային ժողովը միաձայն ընդունել էր «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծով համաներումով պատժից ազատ են արձակվել` առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք, համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված՝ 1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին 2) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց 3) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձինք 4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք.5) 60 տարին լրացած անձինք:

Օրենքը տարածվել է հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց վրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Համաներում տարածվել է նաև այն անձանց նկատմամբ, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ և միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ