18 11 2019

Ցույցեր Իրանում՝ բենզինի թանկացման դեմ

Ցույցեր Իրանում՝ բենզինի թանկացման դեմ

Իրանի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին բենզինի գնի բարձրացման մասին։

Սիրջան քաղաքում ցուցարարները փորձել են այրել նավթի պահեստը, սակայն նրանց կանգնեցրել են իրավապահ մարմինները։ Ցույցի ժամանակ մահացել է 1 մարդ, նրա մահվան պատճառը դեռևս անհայտ է։

Նոյեմբերի 15-ից իրանական իշխանությունները քվոտաներ են սահմանել բենզինի մանրածախ վաճառքների համար։ Այսպես, մասնավոր փոխադրամիջոցների տերերը կկարողանան ամսական ձեռք բերել 60 լիտր բենզին, երկվառելիք ավտոմոբիլների տերերը՝ 30 լիտր: Առանձին քվոտա է նախատեսված տաքսիների վարորդների համար՝ 400 լիտր բենզին և 2 անգամ պակաս բենզին՝ երկվառելիք ավտոմոբիլների համար: Մոտոցիկլավարների համար քվոտավորված գնով նախատեսված է 25 լիտր բենզին: Քվոտաներ են սահմանված բեռնատարների ու շտապօգնության մեքենաների համար: Ըստ որում՝ քվոտայի շրջանակում 1 լիտր բենզինի արժեքն աճել է 50 տոկոսով՝ լիտրի դիմաց մինչև 15 հազար իրանական ռիալ (մոտավորապես 13 ամերիկյան ցենտ): Բենզինի յուրաքանչյուր լրացուցիչ՝ այսինքն՝ քվոտայից դուրս, լիտրն ավելի թանկ արժե՝ 1 լիտրի դիմաց 30 հազար ռիալ:

Նշենք, որ Իրանն աշխարհում նավթի խոշորագույն պաշարներով երկրներից մեկն է, բայց նավթամշակման խնդիրների պատճառով մինչև վերջին ժամանակներս հարկադրված էր բենզին ներմուծել երկիր:

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է ցույցերի ֆոնին երկրում ինտերնետն անջատելու Իրանի իշխանությունների փորձերը։ Նա նաև հայտնել է Իրանի «բազմաչարչար ժողովրդին» ԱՄՆ-ի աջակցության մասին։

Թեհրանն ԱՄՆ-ի հայտարարությունը համարում է միջամտություն երկրի գործերին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է «РИА Новости»-ն։

«Մենք զորակցում ենք Իրանի ժողովրդին, որը պատասխանատվություն և թափանցիկություն է պահանջում իր կառավարությունից։ Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակում պատժամիջոցների մեղմացումից ստացված միլիարդավոր դոլարներն օգտագործել է ոչ թե դպրոցներ ու հիվանդանոցներ կառուցելու, այլ Մերձավոր Արևելքում ահաբեկչական բջիջներին ֆինանսավորելու համար»,-գրել է Օրտագուսն իր թվիթերյան էջում՝ վերստին աջակցություն հայտնելով ցուցարարներին։

Մուսավին իր հերթին հավելել է․ «Հետաքրքիր է, որ զորակցություն են հայտնում մի ժողովրդի, որը գտնվում է ԱՄՆ տնտեսական ահաբեկչության ճնշման ներքո»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ