06  11  2019

Գարեգին Բ-ն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպանին.

Գարեգին Բ-ն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպանին.

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով ԵՄ դեսպանին նշանակման առիթով, մաղթել է նրան հաջողություներ իր առաքելության մեջ:

Հայաստանի և ԵՄ-ի միջև ձևավորված սերտ գործակցությունը կարևորելով՝ Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ այն կարդյունավորվի նոր ձեռքբերումներով և կնպաստի Հայաստանի առաջընթացին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ Հայ Առաքելական Եկեղեցու և ԵՄ-ի միջև ձևավորված հարաբերությունները կարող են արձանագրել դրական արդյունքներ, քանի որ դրանք խարսխված են մարդասիրական և քրիստոնեական սկզբունքների վրա:

Հայոց Հովվապետը ողջունել է նաև Եվրոպական Միության կողմից Հայասատանում իրականացվող կրթական տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրագործումը: Այս առիթով Նորին Սրբությունը հաստատել է, որ Հայ Եկեղեցու համար կարևոր նշանակություն ունի կրթական ոլորտի զարգացումը, և ինչպես անցյալում, այնպես էլ հիմա շարունակելու է իր ներդրումը տվյալ ոլորտի զարգացման գործում՝ հիմնված լինելով քրիստոնեական արժեհամակարգի վրա:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անդրեա Վիկտորինը նշել է, որ ուրախ է կրկին լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հավաստիացրեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ ԵՄ-ը պատրաստակամ է աջակցել ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին և շարունակել իր օժանդակությունը բերել երկրում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը:

Հանդիման ընթացքում դեսպանը մասնավորաբար անդրադարձ է կատարել համընդհանուր արժեքների պահպանության, տարածման և մարդու իրավունքների պաշտպանության գործում ԵՄ պատվիրակության գործադրած ջանքերին՝ այդ հարցերում ակնկալելով նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օժանդակությունը:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությանը, քննարկել Հայաստանում առկա խնդիրների հաղթահարման ուղիները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ