28  10  2019

Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010թ.-ից. Փաստինֆո

Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010թ.-ից. Փաստինֆո

«Փաստինֆո»-ն գրում է․ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010թ.-ից: Այս մասին «Փաստինֆո»-ին https://www.pastinfo.am/ հայտնեց ՀՀ ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«2010թ.-ից մինչ օրս ստանում է հոգեմետ դեղորայք, որոնք նշանակվել են տարբեր տարիներին և՛ դատապարտյալների հիվանդանոցի ՔԿՀ մասնագետի, և՛ Առողջապահության նախարարության մասնագետների, և՛ ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ախտորոշումների հիման վրա: Ներկայումս գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետի հսկողության ներքո»,- ասաց Նոնա Նավիկյանը:

Ինչը վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Կարեն Հունանյանին՝ Նաիրի Հունանյանի եղբորը, Նոնա Նավիկյանը նշեց, որ վերջինս առողջական խնդիրներ չունի և ադեկվատ է:

Նշենք, որ Հունանյան եղբայրները գտնվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, երկուսն էլ դատապարտված են ցմահ ազատազրկման:

Հիրշեցնենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հոկտեմբերի 24-ին առանձնազրույց էր ունեցել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Հանդիպումը տևել է մոտ 2,5 ժամ: Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ իր հետ հանդիպման ընթացքում Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է ընդունել:

Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ը Հայաստանի պատմության ամենաարյունալի էջն է: Այդ օրը ԱԺ-ում գլխատվեց քաղաքական էլիտան: Ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվեցին ՀՀ ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնիդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ՝ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Նաիրի Հունանյանը, որը դատապարտվել է ահաբեկչության, հայրենիքի դավաճանության, ապօրինի զենքի կիրառման համար, ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության օրը՝ սեպտեմբերի 11-ին՝դիմում է ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։

Հիշեցնենք, որ ցմահ դատապարտվել են Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը, Աշոտ Կնյազյանը, իսկ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարի ազատազրկման:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ