19 10 2019

Գյումրու տուն-ինտերնատում հացադուլ է սկսվել. Asparez.am

Գյումրու տուն-ինտերնատում հացադուլ է սկսվել. Asparez.am

Asparez.am-ը գրում է․ «Մենք սպասում ենք Զարուհի Բաթոյանին, թող գա մեր հարցին լուծում տա, գիշերները չենք կարող քնել․․․պետք եղավ՝ Փաշինյանի մոտ կգնանք»

Գյումրու տուն-ինտերնատի լուծարման մասին լուրը ստանալուց հետո Սահակ Այվազյանը հացադուլ է սկսել։ Աշխատակազմի խնդրանքն ու հորդորն ապարդյուն են։ Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող տղամարդը, որ երկար ժամանակ սայլակով է, Գյումրու տուն-ինտերնատում բնակվում է 2012 թվականի հոկտեմբերի 27-ից։ Եկել է Արմավիրի մարզից։ Ս․Այվազյանն ասում է, որ ինքը կտրականապես դեմ է տուն-ինտերնատի լուծարմանը, չի կարող պատկերացնել, թե ով է փոխարինելու իրեն խնամողներին։

«Ես չեմ ուզում 72 հոգու հետ դուրս գալ, ես ո՞ւմ վստահեմ, իմ մայրապետների նման կլինե՞ն, թե՞․․․ իրենք ինձ շատ լավ նայում են, մոր պես։ Հացադուլ եմ հայտարարել այնքան ժամանակ, մինչեւ մեր հարցը լուծվի, մինչեւ վերջ գնալու եմ»,-ասում է նա։

Հացադուլին պատրաստվում է միանալ տուն-ինտերնատի մեկ այլ հնաբնակ՝ Նվեր Սողոմոնյանն այստեղ է բնակվում շուրջ 15 տարի․ եկել է Երեւանից, դարձյալ սայլակով է։ «Մենք բոլորս դեմ ենք ծերանոցի փակմանը, մենք արդեն սովորել ենք ստեղ, էսի ոնց որ մեր տունը լինի։ Չի կարելի էդ ձեւի, պետք կլինի բոլորս կհավաքվենք, կգնանք Զարուհի Բաթոյանի մոտ։ Արտեմ Ասատրյանի, Վազգեն Խաչիկյանի (նկատի ունի նախկին նախարարներին-հեղինակ) վախտով խի՞ չկար էսպիսի բան։ Ես իմ սենյակից ո՞ւր գնամ, եթե էսպես շարունակվեց՝ ես էլ հացադուլ կհայտարարեմ։ Մտնում ենք մեր սենյակներ, մեր լացը գալիս է, գիշերները չենք կարող քնել։ Թող Զարուհի Բաթոյանը գա՝ բացատրի, հեղափոխությունն ինչի՞ համար եղավ, որ ծերանոցը փակվի՞»,-հուզված ասում է Ն․Սողոմոնյանն ու մի քանի անգամ կրկնում․ «Մենք սպասում ենք Զարուհի Բաթոյանին, խնդրում ենք, փոխանցեք, որ մենք սպասում ենք իրեն այստեղ»։Գյումրու տուն-ինտերնատի փակմանը կտրականապես դեմ է նաեւ շահառու Հրաչ Զաքինյանը, նա եկել է Երեւանից՝ 12 տարի առաջ։

«Մենք լրիվ դեմ ենք այդ փոփոխությանը, մենք այստեղ նորմալ, շատ լավ ապրում ենք, ուտելիքի մասին անգամ խոսք չկա, ես որ ասեմ՝ քանի կիլոյով եմ եկել ասյտեղ, հիմա ինչ եմ դարձել»,-ցույց տալով գիրությունը՝ ասում է նա։«Էսքան ժամանակ պրոբլեմ չենք ունեցել, շորից, կոշիկից, նասկուց բռնած ունեցել ենք, սիգարետ ստանում ենք, թոշակդ էլ՝ ինչքան հասնում է։ Ինչպե՞ս են նման բան անում, մենք վե՞շ ենք, մսացո՞ւ ենք, որ ուզում են մեզ առնել»,-եզրափակում է նա։

Ջավահիր Սահակյանը 13 տարի է բնակվում է Գյումրու տուն-ինտերնատում, Շիրակի մարզից է։ Ասում է՝ տուն-տեղ չունի, ո՞ւր է գնալու։

«Ես տուն չունիմ, ո՞ւր էրթամ, դրսերն եմ եղել, սեւ կոճղ էի, եկա ստեղ՝ լավի գնացի»,-եզրափակում է նա։Գյումրու տուն-ինտերնատի լուծարման մասին պաշտոնական գրությունը ստացվել է մի քանի օր առաջ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի անունից, որում գրված է․«Հաշվի առնելով կառավարության ծրագրում ներառված ապաինստիտուցիոնալացման գործընթացի, ծառայությունները հասարակական կազմակերպությունների մրցութային կարգով պատվիրակելու, այլընտրանքային համայնքային ծառայությունների ներդրման վերաբերյալ դրույթները, նախարարությունը մշակել եւ սահմանված կարգով շրջանառության մեջ է դրել «Գյումրու տուն-ինտերնատ պետական ոչ առեւտրային կազմակերպությունը լուծարելու մասինզ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի նախատեսվում է լուծարել տուն-ինտերնատը եւ տարեցներին մատուցվող շուրջօրյա խնամքի ծառայությունները պատվիրակել ոչ պետական կազմակերպության։

Ուստի ելնելով վերագրյալից եւ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, խնդրում եմ սահմանված կարգով (ՀՀ ԱՕ 115-րդ հոդվածի 1-ին մաս) մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 21-ը ծանուցել ՊՈԱԿ-ի բոլոր աշխատակցիներին աշխատանքից հնարավոր ազատման կամ աշխատանքային պայմանների փոփոխման վերաբերյալ»։

Արմեն Սարուխանյանը Գյումրու տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2019 թվականի հունիսին, ասում է՝ այս մի քանի ամսում փոխնախարարի հետ հանդիպման ընթացքում հիմնարկի ապագայի վերաբերյալ մի քանի նախադասություն է լսել։

«Յուրաքանչյուր ամսվա առաջին երեքշաբթի օրը փոխնախարարի մոտ քննարկում է տարբեր հարցերով, ամեն մի քննարկման ժամանակ հնչել է մեկ նախադասություն․ առաջին անգամ տվյալ թեմայից հնչել է՝ ձեր հետ կապված կա ծրագիր՝ ապաինստիտուցիոնալ գործընթաց, երկրորդ անգամ՝ երեւի թե դա մինչեւ հունվարի մեկը տեղի ունենա, եւ երրորդ ինֆորմացիան՝ գիտե՞ք, չէ, որ այդ դեպքում կրճտումներ կլինեն։ Երեք նախադասություն՝ երեք ամսվա ընթացքում, ամեն մի նախադասությունից հետո կոլեկտիվի հետ այդ նախադասությունը լուրջ եմ ընդունել, իհարկե, նախարարությունը պետք է որոշի քաղաքականությունը, ուղղվածությունը։ Այս փուլում, մեր երկրում՝ նկատի ունեմ հեղափոխությունից հետո, սենյակների մեջ, վերեւներում հենց այնպես որոշել, թե ինչպես է լինելու ուղղությունը, մի քիչ ճիշտ չէ։ Քննարկման փուլ, կլոր սեղան, հարց ու պատասխան, առաջարկներ եւ դժգոհություններ չեն լսել այս թեմայով մեզնից ու շահառուներից, ոչ մի նմանատիպ գործընթաց տեղի չի ունեցել, տարեցների հետ շփում չի եղել»,-ասում է Ա․Սարուխանյանը։

Տուն-ինտերնատի հոգեբան Մանյա Արզումանյանը, որը 4 տարի է՝ աշխատում է այստեղ, եւս հաստատում է՝ կոնկրետ նախարարության կողմից խնամվողների շրջանում սենյակներ մտնել, լուծարման մասին կամ խնամքի ծառայությունները ոչ պետական կազմակերպությանն հանձնելու մասով երբեւէ հարցումներ չեն եղել։ Հոգեբանը կարծում է, որ լուծարման դեպքում տուն-ինտերնատում խնամվողները հոգեբանական մեծ սթրեսի կենթարկվեն, քանի որ շատ են կապված աշխատողների հետ։

Վերջերս նախարարությունից երեք պաշտոնյա է այցելել Գյումրու տուն-ինտերնատ, բանավոր փոխանցել այն, ինչ հրապարակված է գրությունում։ Կենսաթոշակային տարիքին մոտ աշխատողներ ունի հիմնարկը, նրանք կազատվեն աշխատանքից։ Իսկ թե ինչպես են վերջիններս փակելու տարիների պարտքն ու բանկերի վարկերը, մոլորված են մնացել։

Գյումրու-տուն ինտերնատն ունի 156 խնամվող՝ Հայաստանի տարբեր մարզերից, եւ 71 աշխատող, տարեկան բյուջեն շուրջ 210 մլն դրամ է։ Շահառուները տարեցներ են ու հաշմանդամություն ունեցող անձինք, մի մասը անկողնային է։ Նրանց կենսաթոշակի հիմնական՝ բազային մասը մնում է պետությանը, իսկ կենսաթոշակի մյուս մասը՝ աշխատանքային ստաժի դիմաց գումարը, ստանում ու տնօրինում են իրենք։ Շուրջ 100 շահառու ընտանիք վերադառնալու հնարավորություն եւ ժառանգներ չունի։

Տուն-ինտերնատի շենքային պայմանները գոհացնող չեն, մեկ սենյակում երբեմն կարելի է տեսնել 4 շահառուի։ Աշխատակազմը, նաեւ շահառուները բարձրաձայնում են՝ պետությունն այս խնդիրները կարող էր լուծել, սակայն լուծելու փոխարեն որոշել է լուծարել։

Երեւանյան խճուղում գտնվող տուն-ինտերնատի շենքում 1980-ականներին տեղակայված է եղել Լենինականի հիվանդանոցներից մեկը։

Արմեն Սարուխանյանն հարցնում է․ «Ի՞նչ է տալու նոր կազմակերպությունը, որը չի տալիս այս աշխատակազմը, եւ ի վիճակի չէ պետությունը դա անելու, կամ պահանջ դնի, որ մենք անենք։ Կառուցեք ձեր ծերանոցը, (նկատի ունի նոր կազմակերպությանը-հեղինակ) ցույց տվեք, թե ինչքան լավն է պետական հաստատության հետ համեմատ։ Ու ասեք՝ տեսեք դուք ինչքան վատն ենք, մենք ինչքան լավն ենք»,-համեմատում է Ա․Սարուխանյանը։

Ռուզաննա Հարությունյանը տուն-ինտերնատում աշխատում է շուրջ 30 տարի։ Վերհիշում է՝ երբ 1991 թվականին ինտերնատն ունեցել է 29 շահառու, նրանցից միայն մեկի մոտ չեն հայտնաբերել ոջիլ։ Մութ, ցուրտ, խավար տարիներին դժվարությամբ ջուր են տաքացրել, շահառուների լողացրել, մաքրել։ Աշխատակազմն այդ տարիներին աշխատել է նաեւ կամավոր սկզբունքներով։

Տնտեսուհի Ռուզաննա Հարությունյանն ամսական 63 հազար դրամ աշխատավարձ է ստանում, մի քանի ամսից լրանում է կենսաթոշակային տարիքը։ «Ասացին՝ հունվարից էլ չեք աշխատի։ Էսքան աշխատելուց տառապեցինք, չարչարվեցինեք, ծերանոցը ծերանոցի նմանեցրինք, հիմա էլ անտեսում են այս 30 տարիների աշխատանքն ու ասում՝ դուք հունվարի մեկին արդեն թոշակառու եք դառնում»։

Տուն-ինտերնատի ամենահին աշխատողներից են նաեւ Արմենուհի Փահլեւանյանն ու Գուրգեն Մկրտչյանը։«Ինչու՞ կուզեն մեր պետական հիմնարկը քանդել, չէ՞ որ մեր կոլեկտիվը համերաշխ, լավ է, սա մեր տունն է, մենք ենք ստեղծել, թոշակառուն պետք է մեռնի՞, չպիտի ապրի՞, 62 հազար եմ ստանում, 30 տարի աշխատել եմ այստեղ՝ մութ ու խավար տարիներին։ Ի՞նչ է՝ խա՞ղ է, թե՞ խաղալիք, սա խաղ է, որ ուզում են մեզ իրենց համար խաղալիք դարձնել»,-սրտնեղում է Ա․Փահլեւանյանն ու ասում՝ աշխատակիցներից մոտ 4-ը չունեն պարտքեր ու վարկեր բանկերում, մնացածը 500 հազար դրամից սկսած վարկ է փակում։ «Աշխատանք կորցնելուց հետո ինչպե՞ս են փակելու այդ վարկերը, լավ օրից չէ, որ բանկից փող են վերցրել»,-ասում է նա։

Գուրգեն Մկրտչյանը Գյումրու տուն-ինտերնատում վարսավիր է աշխատում 1993 թվականից, ամսական աշխատավարձը 66 հազար դրամ է։

«Աշխատել եմ շատ դժվար, կյանքի գնով պայքարել եմ, մենք ամբողջ ազգով, ընտանիքով, փողոց դուրս եկանք էսօրվա ազատության, անկախության համար, որ աշխատատեղ ունենայինք, երկրից կասեցրինք արտագաղթը, բայց ինչո՞ւ են էսօր ստիպում, որ տուն-ինտերնատի աշխատողները գաղթի ճամփա բռնեն։ Կուզեմ, որ մինչեւ վերջ էս հիմնարկը մնա, մենք չունենք ոչ մի դժգոհություն՝ ոչ ծերերից, ոչ ծերերը՝ մեզանից, մենակ թե մեզի հանգիստ թողնեն, ես նպատակ չունեմ իմ երկրից գաղթելու։ Աշխատատեղ բացելու փոխարեն փողոցի ասֆալտով կկուրացնեն գյումրեցու աչքերը, փողոցի ասֆալտը չի ուտվի, որ տանենք տուն։

Տուն-ինտերնատը կշարունակի գործել մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։ Մինչ այդ նախարարությունը հայտարարելու է շուրջօրյա խնամքի ծառայությունների պատվիրակման մրցույթ։ Հաղթող կազմակեպությունն էլ զբաղվելու է շահառուների խնդիրներով։ Տեղեկություններ են շրջանառվում, որ Կարմիր խաչի Շիրակի մարզային մասնաճյուղն է որոշել մասնակցել մրցույթին եւ մատուցել շուրջօրյա խնամքի ծառայություններ, այս տեղեկությունը հաստատում են նաեւ տարեցները։ Թե որքանով է ստույգ շրջանառվող այս տեղեկությունը, Կարմիր խաչի Շիրակի մարզային մասնաճյուղի հետ հնարավոր չեղավ կապ հաստատել։

Գյումրու տուն-ինտերնատի նույն գործառույթներ մատուցում են նաեւ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատն ու Նորքի տուն-ինտերնատը։ Փորձնական ծրագիրը մեկնարկում է Գյումրիում, մինչեւ 2024 թվականը ապաինստիտուցիոնալացման գործընթացի արդյունքում նախատեսվում է նմանատիպ հիմնարկների գործառույթները մրցութային կարգով փոխանցել ոչ պետական կազմակերպություններին, իսկ թե ինչ է տալու այս ամենը, դեռեւս անհայտ է։ Համենայն դեպս, Գյումրու տուն-ինտերնատի տարեցներն այս առումով լավատես չեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ