18  10  2019

Գնահատվել է ՀՀ Զինված ուժերի դաշտային հոսպիտալը

Գնահատվել է ՀՀ Զինված ուժերի դաշտային հոսպիտալը

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացված զորավարժության ընթացքում հայ զինծառայողների գործողություններին հետեւելու եւ գնահատելու նպատակով Հայաստան է գտնվում ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը: Զորավարժության նպատակն էր ՆԱՏՕ-ի չափորոշիչներով գնահատում անցնելը եւ միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցելու հավաստագրում ստանալը:

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի դաշտային հոսպիտալի գնահատման ամփոփումը, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է միջազգային դիտորդների հետ, հետաքրքվել անձնակազմի գործողությունների վերաբերյալ նրանց տպավորություններով:

Դիտորդները ներկայացրել են իրենց նկատառումներն ու դիտողությունները, հանդես եկել արձանագրված որոշակի թերությունները վերացնելու առաջարկություններով:

Դիտորդների նախնական գնահատականը դրական է, վերջնականը կլինի վեց ամիս հետո՝ հաշվի առնելով բացթողումների վերացման ուղղությամբ տարվող նպատակային աշխատանքը:

Զորավարժության սցենարով ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկը եւ ինժեներասակրավորային դասակը իրականացրել են խաղաղարար առաքելություն, իսկ շարժական դաշտային հոսպիտալը՝ նրանց գործողությունների բուժապահովումը: Բացազատված դաշտային շարժական հոսպիտալում իրականացվել է պայմանական վիրավորների տեսակավորում, ըստ վիրավորման ծանրության աստիճանի` անհրաժեշտ բուժօգնության ապահովում, ուղղաթիռային տարհանում եւ այլ օպերատիվ միջոցառումներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ