17 10 2019

ԵՏՄ երկրների քաղաքացիների կենսաթոշակի վճարման կարգը փոխվում է

ԵՏՄ երկրների քաղաքացիների կենսաթոշակի վճարման կարգը փոխվում է

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի ստորագրմանը:

Հարցը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Զարուհի Բաթոյանը, ով նշեց, որ այս համաձայնագրով կարգավորվում են կենսաթոշակային ապահովության բնագավառում ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները:

«Ներկայումս ԱՊՀ անդամ մի շարք պետությունների միջև գործում է «Կենսաթոշակային ապահովության բնագավառում ԱՊՀ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագիրը, որի կողմ են նաև ԵՏՄ անդամ պետությունները, ըստ որի` կողմերի քաղաքացիների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «տարածքային» սկզբունքով. կենսաթոշակը նշանակում և վճարում է քաղաքացու բնակության վայրի պետությունը` անկախ այն հանգամանքից, թե որ պետության տարածքում է ձեռք բերվել աշխատանքային ստաժը:

Այսինքն, համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում ձեռք բերված աշխատանքային ստաժերի համար կենսաթոշակը նշանակում և վճարում է քաղաքացու բնակության վայրի պետությունը՝ անկախ նրանից, թե որ երկորւմ է ձեռք բերվել աշխատանքային ստաժը»,-ասաց բաթոյանը, որ առաջարկվող համաձայնագրով քաղաքացիների կենսաթոշակի հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն նոր սկզբունքով:

Համաձայնագրի նախագծով նախատեսվում է, որ աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են այն պայմաններով և կարգով, որով ձևավորվում և իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության (որտեղ ձեռք է բերել աշխատանքային ստաժ) այլ քաղաքացիների  կենսաթոշակային իրավունքները: Այսինքն Հայաստանում ապրող և Հայաստանի դուրս ապրող քաղաքացիների համար կգործի նույն սկզբունքը:

Ըստ համաձայնագրի նախատեսվում է, որ կենսաթոշակն արտահանվելու է` յուրաքանչյուր պետություն հաշվարկելու և վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե Համաձայնագրի նախագծի անդամ որ պետությունում է բնակվում անձը:

Կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել Համաձայնագրի նախագծի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով,

Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակում և վճարում է այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը, իսկ մինչև Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելը ձեռք բերված աշխատանքային ստաժի համար շարունակվելու է կիրառվել 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագիրը:

Բաթոյանը նշեց, որ առաջին վճարումները կլինեն 2021 թվականից, և այն երկրում, որտեղ ձեռք է բերվել ստաժը, այդ երկիրը պետք է վճարի կենսաթոշակը: «Եթե մարդը մեկ տարի աշխատել է Հայաստանում, երեք տարի ԵՏՄ այլ երկրում, մենք կենսաթոշակը վճարելու ենք այն տարիների համար, երբ նա աշխատել է Հայաստանում»:

Նշվեց, որ կենսաթոշակառուն մեկ աղբյուրից է ստանալու կենսաթոշակը, սակայն այն հավարկելու է տարբեր պետություններում և փոխանցվելու է այնտեղ, որտեղ գտնվում է կենսաթոշակառուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ