15 10 2019

Վարչապետի կարգախոսն այնտեղ է, որտեղ պետք է լիներ ՀՀ երկրորդ նախագահի գրքի գովազդը

Վարչապետի կարգախոսն այնտեղ է, որտեղ պետք է լիներ ՀՀ երկրորդ նախագահի գրքի գովազդը

«Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է»՝ Նիկոլ Փաշինյանի ձեռագիր գրառումն այժմ հնարավոր է տեսնել Երևանի տարբեր անկյուններում՝ արտաքին գովազդի տեսքով։ Առաջին հայացքից սա բարի և հայրենսիրական տողեր թվացող երկտող է, թեպետ այն որպես կարգախոս կրեատիվ չէ, ավելին, բավականին պրիմիտիվ և պարզունակ է։ Բացի այդ, սեփական արտադրությունը հասարակությանը պարտադրելը բնորոշ են ինքնասիրահարված դիկտատորներին։ Որոշները հիշում են բրեժնևյան ժամանակները, որոշները՝ Թուրքմենբաշուն, անգամ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդին․․․

Սակայն այս երկտողի և դրա տարածման տակ կա ավելի կարևոր խնդիր, որի մասին բարձրաձայնում են շատերը, անգամ հեղափոխության ակտիվները․ այստեղ առկա է անթաքույց կոռուպցիոն բաղադրիչ։ Բանն այն է, որ մոտ 100 հազար դոլար առանց մրցույթի տրամադրվել է վարչապետի գիրքը հրատարակած ընկերությանը՝ այդ սոցիալական գովազդի բաշխումը կազմակերպելու համար։

Շրջանցելով այսօրվա իշխանության այդքան բնորոշ թափանցիկ կոռուպցիոն երևույթները, մեկ այլ ուշագրավ երևույթի վրա ենք ուզում ուշադրություն դարձնել․ այստեղ մենք բախվում ենք ներկա իշխանությունների կողմից կիրառվող քաղաքական պատճառներով հերթական երկակի ստանդատներին։

Այսպես․ վարչապետի գրառումով արդեն հասցրել են տեղ գտնել ոչ միայն Երևան քաղաքում, այլ նաև մարզերում և որ ամենից հետաքրքիրն է՝ Արցախում։

Երևանում գովազդի թույլտվություն տրամադրում է Երևանի քաղաքապետարնը և այս դեպքում առանց որևէ խոչընդոտ Փաշինյանի երկտողը հասցրել է ստանալ թույլտվություն ու փակցվել քաղաքի տարբեր հատվածներում, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքի գովազդելուն տևական ժամանակ է՝ քաղաքապետարանը չի տրամադրում թույլտվություն, ինչպես ասում են՝ տանում-բերում է։

Yerevan.Today-ն արդեն անդրադարձել է այս թեմային, այս առիթով և կապվեցինք «Կոնտրա Լեգեմ» փաստաբանական բյուրոյի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ, պարզելու համար, թե ի՞նչ փուլում է այժմ թույլտվություն տրամադրելու հարցը։

«Մենք դիմեցինք քաղաքապետին և ստացանք մերժում։ Այնուհետև դիմեցինք վարչական դատարան։ Ես ի սկզբանե պահանջ էի ներկայացրել, որ քաղաքապետարանն անգործություն է ցուցաբերում, սակայն դատավորն ասաց, որ անգործություն չէ և մեզ մերժել են, որից հետո մենք ներկայացրեցինք մերժման հայցը։ Այժմ, ինչպես մնացած բոլոր քաղաքական համարվող գործերը, սա ևս ձգձգման փուլում է։ Առաջիկա նիստը գումարվելու է փետրվարի 26-ին։ Վստահ եմ՝ դրանից հետո էլ է ձգձգվելու։ Այսինքն, մենք հիմա ունենք անորոշ իրավիճակ Վարչական դատարանում և ևս մեկ անգամ մերժում քաղաքապետարանում»,- ասաց փաստաբանը։

Զուգահեռներ անցկացնելով վարչապետի երկտողին տրամադրած թույլտվության հետ, Կոչուբաևը ևս սա որակեց երկակի ստանդարտ․ «Մենք այստեղ լրջագույն մտահոգություն ունենք և դավադրությունների ականտես ենք նաև լինում։ Այս պահին չեմ կարող 100 տոկոսանոց համընկնումների մասին խոսել, սակայն այն բոլոր վարչական շրջաններում, հատվածներում որտեղ նախատեսվում էր, որ պետք է լինի Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդը, այդ նույն տարածքի վահանակներում տեղադրված է վարչապետի ձեռագիր գրված գովազդը։ Պետք է ընդգծենք, որ գրքի իրավատերն այլևս Ռոբերտ Քոչարյանը չէ․ «Սփեյս մենեջմենթ» ՍՊԸ-ն և ամբողջ կոմերցիոն գործընթացը, որը պլանավորված էր, տուժում է։ Փոխարենը 100 հազար դոլար բյուջեյից ծախսվում է, որպեսզի այդ նույն հատվածներում Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդի փոխարեն հայտնվի վարչապետ գրառումները։ Մենք մոտ ապագայում պատրաստվում ենք հանդես գալ ավելի մանրամասն հրապարակումով»,- նշեց փաստաբանը։

Նիկոլ Փաշինյանի ձեռագրի գովազդը՝ Արցախում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ