15 10 2019

«Հյուսիս-հարավ»-ի նոր ճանապարհահատվածի նախագծման աշխատանքները մեկնարկել են

«Հյուսիս-հարավ»-ի նոր ճանապարհահատվածի նախագծման աշխատանքները մեկնարկել են

Մեկնարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները։ Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով։ Ճանապարհահատվածի մանրամասն նախագծումը կիրականացնի միջազգային մրցույթում հաղթող ճանաչված իտալական «Այ Առ Դի Ինջենիրինգ եւ Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերությունը:

Նախագծող կազմակերպության մասնագիտական թիմը նախորդ շաբաթ հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչների հետ, ծանոթացրել նշված հատվածի նախագծման ընթացքի մանրամասներին, կատարել ճանապարհի վերակառուցման հետ կապված առաջարկներ։ Ըստ պայմանագրի՝ նախագծման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն 15 ամսվա ընթացքում։ Նախատեսվում է ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնել 2021-23 թվականներին։

Հանդիպման ընթացքում հատուկ ընդգծվեց, որ Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը կարեւոր ծրագիր է թե՜ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի, թե՜ Հայաստանի համար։ Շեշտվեց, որ ճանապարհահատվածն ամենայն մանրակրկիտ կերպով պետք է նախագծվի, որպեսզի շինաշխատանքների մեկնարկից հետո նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն չառաջանա։ «Այ Առ Դի Ինջենիրինգ եւ Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ ընկերությունը մասնագիտացած է ճանապարհների, կամուրջների, թունելների նախագծման ուղղությամբ, ունի մեծ փորձ, եւ անելու են առավելագույնն այս նախագծի շրջանակներում լավագույն արդյունքի հասնելու համար։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են նաեւ տեղանքի կադաստրային քարտեզի, հողերի օտարման հետ կապված եւ բազմաթիվ այլ հարցեր։

Նախորդ շաբաթ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության, Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի եւ «Այ Առ Դի Ինջենիրինգ եւ Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերության ներկայացուցիչներն այցելել են նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4, տեղում ուսումնասիրել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը։

Վերադարձին կողմերն ամփոփել են այցելության արդյունքները, հստակեցրել աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։

Տեղեկացնենք, որ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածում (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք) նախատեսվում է կառուցել II-րդ տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ