10  10  2019

Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունի շուրջ 54000 մարդ

Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունի շուրջ 54000 մարդ

Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր:

ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում ավելի քան 450 միլիոն մարդ տառապում է հոգեկան հիվանդություններով:

Օրն առիթ է հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցնելու հոգեկան առողջության հիմնախնդիրների վերաբերյալ` միավորելով ջանքերը վերջինիս ամրապնդման գործում: Այս տարվա թեման ինքնասպանությունների կանխարգելումն է:

Տարեկան գրեթե 800000 մարդ ինքնասպան է լինում և ավելի շատն ինքնասպանության փորձ անում: Յուրաքանչյուր դեպք դժբախտություն է ընտանիքի և հասարակության համար և երկարաժամկետ ազդեցություն է թողնում այն մարդկանց վրա, ովքեր կորուստ են ունեցել: Ինքնասպանություն գործում են տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ: 15-ից 29-ը տարիքային խմբում ինքնասպանությունը մահացության պատճառների երկրորդ տեղում է:

Հոգեկան առողջության խնդիրները հաճախ ծագում են դեռահասության շրջանում և եթե դրանք չեն կառավարվում ու ճանաչվում, ապա կարող են հանգեցնել հոգեկան հիվանդության: Առցանց տեխնոլոգիաների օգտագործումը և տեղեկատվական գերբեռնումները, սթրեսները բերում են լրացուցիչ ճնշումների` նպաստելով հիվանդացության աճին:

ԱՀԿ-ն պարզել է, որ հոգեկան առողջության խնդիրը սրվում է այն երկրներում, որտեղ հաճախ են արձանագրվում արտակարգ իրավիճակներ և պատերազմներ: Հոգեկան խանգարումներն ինքնասպանության դրդող հիմնական պատճառներից են:

Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունի շուրջ 54000 մարդ, որից շուրջ 1500-ը` 0-17 տարեկան երեխաներն են:

Օրվա գաղափարախոսությունն է` խրախուսել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, աջակցել նրանց վաղ տարիքից կառուցելու մտավոր ճկունություն:

Մեր երկրում հոգեբուժական օգնությունն իրականացվում է պետության միջոցների հաշվին` պետության երաշխավորած նպատակային ծրագրերի շրջանակներում, մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության հիմունքներով:

Ներկայումս «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվում են փոփոխություններ, որոնց նպատակն է լրացնել հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը, օրենքով սահմանել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները և սահմանել դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմները:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է տարածել Հոգեկան առողջության համաշխարհային օրվա հետ կապված։ Ուղերձում ասվում է․

«Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է։

Այս օրը հնարավորություն է տալիս իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին, ցույց տալ, որ իրենք մեր հասարակության լիիրավ անդամ են։ Այս տարի Առողջապահության միջազգային կազմակերպությունն իրազեկման բարձրացման ուղղված աշխատանքները կենտրոնացրել է ինքնասպանությունների կանխարգելմանը։

Հոգեկան առողջության ոլորտը զգայուն է: Այն վերաբերում է մարդկանց, ովքեր ոչ միշտ են կարողանում բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, իրենց իրավունքների ոտնահարման կամ անտեսման դեպքերը: Նրանք հաճախ են հայտնվում են սոցիալական մեկուսացման մեջ և ենթարկվում խարանի: Այս տեսանկյունից շատ կարևոր է հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման բարձրացումը:

Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է հոգ տանել նրանց մասին, հասկանալ նրանց և օգնել ապրելու լիարժեք կյանքով։

Ցավոք, հոգեկան առողջության ոլորտի խնդիրներն ունեն համակարգային բնույթ: Առկա չէ հոգեկան առողջության ոլորտի միասնական քաղաքականություն, չի գործում պատշաճ վերահսկողություն, բացակայում են համայնքահեն անհրաժեշտ ծառայությունները կամ դրանք գործում են թերություններով, անընդունելի պայմաններ են հոգեբուժարաններում և այլն:

Լիարժեք գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի մասնագետների աշխատանքը: Բժշկական անձնակազմերի աշխատանքային պայմանների և սոցիալական երաշխիքների ցածր մակարդակը, ինչպես նաև նրանց ոչ բավարար քանակն անմիջականորեն ազդում են մարդու հոգեկան առողջության պահպանման վիճակի և մատուցվող ծառայությունների որակի վրա:

Հոգեկան առողջության պահպանման առաջնահերթ ուղղություններից պետք է լինի հենց հոգեբուժական բժշկական ծառայություններին այլընտրանք խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների համակարգի ձևավորումն ու զարգացումը:

Միայն սիրով ու ուշադրությամբ կարող ենք հաղթահարել մեր խնդիրները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ