27  09  2019

Երևանը 5.3 մլրդ դրամի վնաս է կրել «Սանիթեք»-ի չարաշահումների հետևանքով. Հարուցվել է քրգործ

Երևանը 5.3 մլրդ դրամի վնաս է կրել «Սանիթեք»-ի չարաշահումների հետևանքով. Հարուցվել է քրգործ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2013թ. և 2015թ. պաշտոնական փաստաթղթերում  ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել «Սանիտեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և «Սանիտեք SARL»  ընկերությունների կողմից մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ՝ հրավերով առաջադրվող որակավորման չափանիշներին ընկերությունների հայտի համապատասխանությունը գնահատելով բավարար:

Դատախազությունից հայտնում են, որ դրա արդյունքում վերջիններիս հետ կնքվել են Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման, ներառյալ ձմռան ամիսներին ծառայությունների մատուցման պայմանագրեր:

Բացի այդ, անտեսվել է այն հանգամանքը, որ հիմնական պայմանագրերով նախատեսված՝ ծառայությունների մատուցման նպատակով տարեկան համաձայնագրերի կնքման պայման է հանդիսանում բանկի կամ վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության կողմից տրված երաշխիքի ներկայացումը: Մինչդեռ 10 ու 12 տարի գործողության ժամկետներով կնքված պայմանագրերով 2014թ. սկսած յուրաքանչյուր տարվա համար պայմանագրի գինը սահմանող համաձայնագրեր են կնքվել նման երաշխիքի բացակայության պայմաններում: Այդպիսով համայնքը զրկվել է բանկային երաշխիքի չափով գումար ստանալու հնարավորությունից, իսկ ընթացքում ոչ պատշաճ կատարված կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները և ծառայությունները ապահովել է իր միջոցներով: Դրա հետևանքով Երևանի համայնքը կրել է 1.607.721.900 ՀՀ դրամի չափով նյութական վնաս:

Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2013 և 2015թթ. կնքված 2 պայմանագրերով նախատեսված է եղել ընդհանուր 16.000 հատ 1100 լիտրանոց մետաղական, անվավոր կոնտեյներների (աղբարկղների) մատակարարման և տեղադրման, աղբի հավաքման և հեռացման, ինչպես նաև դրանց լվացման, վնասված մասերի վերանորոգման և փոխարինման աշխատանքներ, որոնց համար յուրաքանչյուր տարի վճարվել է շուրջ 1.805.000.000 ՀՀ դրամ: Սակայն Երևանի քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գույքագրվել է ընդամենը 5170 հատ կոնտեյներ, որոնցից միայն 99-ն են եղել մետաղական: Բարվոք վիճակում է եղել միայն 2553 հատը, թեև Կապալառուն պարտավորված է եղել յուրաքանչյուր կոնտեյներ, որը մաքրում, պահպանմանն ուղղված գործողություններ կամ վերանորոգում կպահանջի, միանգամից փոխարինել նույն կամ նմանատիպ մաքուր ու սպասարկման ենթակա կոնտեյներով:

Իսկ ծառայություններ մատուցող երկու ընկերությունների ներկայացրած տվյալներով 2014թ. սկսած Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերով ձեռք են բերել և տեղադրել ընդամենը 9907 հատ 1100 լիտրանոց կոնտեյներներ:

Բացի այդ, պայմանագրերով նախատեսված են եղել  կոնտեյներների 4000 հարթակների մաքրման աշխատանքներ, մինչդեռ դրանցից կառուցվել է ընդամենը 459-ը: Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք հարթակների մաքրման համար գումարները վճարել են 100 տոկոսով այն դեպքում, երբ կառուցված է եղել միայն դրանց շուրջ 20 տոկոսը: Արդյունքում 2014թ. սկսած գոյություն չունեցող հարթակների մաքրման համար ավել է վճարվել շուրջ 354 մլն ՀՀ դրամ և Երևանի քաղաքապետարանին պատճառվել է նույնքան դրամի նյութական վնաս:

Վերոնշյալից հետևում է, որ Ընկերության իրավասու անձինք իմանալով, որ 16.000 հատ կոնտեյներների փոխարեն ձեռք են բերել և տեղադրել առավելագույնը ընդամենը 9907 հատը, իսկ  աղբի կոնտեյներների հարթակների մաքրման ծառայությունները մատուցել են 20 տոկոսի չափով՝ առերևույթ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով 3.706.000.000 ՀՀ դրամի չափով ավել գումար են ստացել փաստացի ձեռք չբերված աղբի կոնտեյներների տեղադրման, դրանցից աղբի հավաքման ու տեղափոխման, լվացման ու վերանորոգման, ինչպես նաև գոյություն չունեցող հարթակների մաքրման համար: Իսկ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, սկսած 2014թ., չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հսկողություն և վերահսկողություն չեն իրականացրել կատարված աշխատանքների և Երևան քաղաքի բյուջեով հատկացված միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ: Դրա արդյունքում տարիներ շարունակ համայնքային բյուջեից վճարվել են Ընկերություններին փաստացի չկատարված աշխատանքների և չմատուցված ծառայությունների համար:

Այսպիսով համայնքին պատճառվել է շուրջ 5.313.721.900 ՀՀ դրամի նյութական վնաս:

Հարուցվել է քրեական գործ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ