16 09 2019

«Անբարոյական» որակված օրինագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց

«Անբարոյական» որակված օրինագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդարանում բուռն քննարկումների արժանացած նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության» պատգամավորներ Արմեն Փամբուխչյանն ու Սիսակ Գաբրիելյանը:

«Ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո քաղաքացիներն այսօր, ավելի քան երբևէ, պատրաստակամ են համագործակցելու իրավապահ մարմինների հետ: Շատ քաղաքացիներ սոցիալական ցանցերում տեղադրում են տարբեր իրավախախտումների տեսանյութեր, լուսանկարներ, որոնց հիման վրա մեծամասամբ վարչական վարույթ է հարուցվում: Այս նախագծի նպատակն է այդ ողջ գործընթացն ավելի կարգավորել: Կարճ ասած, քաղաքացիներին հնարավորություն է տրվում տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանությանը: Տեսանյութն արձանագրած քաղաքացու տվյալները գաղտնի են լինելու»,-ասաց Գաբրիելյանն ու հավելեց՝ տեսանյութն ուղարկելուց հետո քաղաքացին այդ գործընթացում այլևս դերակատարում չի ունենալու:

Նա նշեց՝ օնլայն ռեժիմը սահմանել են նրա համար, որ ոստիկանության աշխատակիցը շատ հստակ իմանա, որ դա կատարվել է հստակ այսինչ օրն ու տեղը ՝GPS համակարգի միջոցով: Կստեղծի հատուկ էլեկտրոնային հավելված: Դրա համար նախատեսված է 30-50 մլն դրամ՝ կախված իր ֆունկցիոնալությունից: Գաբրիելյանը նշեց, որ հավելվածը օգտակար կլինի նաև վթարների դեպքում մեքենայի տեղը GPS համակարգի միջոցով շուտ հասկանալու համար: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ