10  09  2019

Մեսչյանն առաջարկում է նախկին շինթույլտվությունները չեղարկելու օրենք սահմանել

Մեսչյանն առաջարկում է նախկին շինթույլտվությունները չեղարկելու օրենք սահմանել

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ավագանու նիստի ժամանակ երեք տարբերակ առաջարկեց՝ ահռելի քանակի ավտոտնակներից, վատորակ բնակելի տներից ազատվելու և բակերը երևանցիներին վերադարձենելու համար։

«Տարբերակ 1. երևանցիներն ամեն մեկն իր ունեցած ավտոտնակը քանդում է եւ տարածք է ստեղծում իր երեխայի խաղալու համար: Քանի՞ երեւանցին կհրաժարվի  իր ավտոտնակից: Կարծում եմ՝ մի 10 հոգի կգտնվի, ոչ ավելի:

Տարբերակ 2. գա կառուցապատող, որը հնարավորություն ունենա վերացնել բոլոր ավտոտնակները, կառուցի մի կառույց, տրամաբանական, չխախտի քաղաքաշինական նորմերը, ապահովի ավտոտնակների սեփականատերերին կանգառի տեղ իր կառուցած շենքում, բարեկարգի տարածքը եւ առաջին հարկում կազմակերպի մանկապարտեզ: Այդտպես է Թումանյան փողոցում:

Տարբերակ 3. Թույլ չտալ անել ընդհանրապես ոչ մի բան:

Ի վերջո, պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում մեր քաղաքից, ինչ պայմաններ են ծանրացած մեզ վրա, ինչ ժառանգություն ենք ստացել: Ժառանգությունը միայն այն չէ, որ 18 հարկանի շենք կառուցելու թույլտվություն է տրվել, այլ այն, որ այլանդակ շինություններով օկուպացրել են քաղաքի թաղամասերը»,-նշեց Մեսչյանը՝ ավագանուն հորդորելով օգնել, որ այնպիսի օրենսդրական դաշտ լինի, որ հնարավոր լինի չեղարկել նախկինում տրված շինարարական թույլտվությունները. «Այստեղ մենք թույլ ենք, որովհետեւ մեզ դատի կտան եւ հաստատ կշահեն դատը: Քաղաքն այսօր պաշտպանված չէ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ