10 09 2019

Քիմ Քարդաշյանը կրկին կայցելի Հայաստան

Քիմ Քարդաշյանը կրկին կայցելի Հայաստան

«WCIT 2019»-ի կազմակերպիչները հայտարարեցին, որ ակտիվիստ, ձեռնարկատեր և պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։

ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Երևանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։

Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին: «Գաղափարների շուկա» պանելային քննարկումները կպարզեն, թե ինչ են նշանակում այս զարգացումները անձնական կյանքի գաղտնիության, սոցիալական հարաբերությունների, ինստիտուտների նկատմամբ վստահության և նոր բիզնես մոդելների համար:

«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, Հայաստանի հեռահաղորդակցության ծառայությունների խոշորագույն մատակարար «Յուքոմ» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը Քիմ Քարդաշյան-Վեսթի այցի վերաբերյալ  հայտնել է․ «Մենք՝ WCIT 2019-ի կազմակերպիչներս, օրակարգը կազմելիս որոշեցինք համարձակ, ոչ սովորական մոտեցում ցուցաբերել։ Մենք երբեմն լրջորեն ենք ընդունում նույնիսկ հակասական գաղափարներ այն բոլոր մարդկանցից, ովքեր էական ասելիք ունեն ՏՏ արդյունաբերության և ոչ միայն դրա մասին:

Ավելի քան 240 միլիոն հետևորդներով՝ Քիմ Քարդաշյան-Վեսթը սոցցանցերում ամենամեծ լսարանն ունեցող մարդկանցից է։ Նա մեր ժամանակաշրջանի ամենաազդեցիկ ձայներից մեկն է աշխարհում: Մենք համոզված ենք, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը, որպես արտասովոր հաջողակ գործարար, որպես այս ոլորտի առաջամարտիկ, որպես կին և մայր, կարևոր ու հետաքրքիր ասելիք կունենա սոցիալական մեդիայում ձեռներեցության աշխարհի մասին, որի ստեղծմանը և ձևավորմանը նպաստել է արդեն երկու տասնամյակ: Մեր կարծիքով, առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուրջ զրույց ծավալել այս թեմայի շուրջ։

Մենք ակնկալում ենք Քիմ Քարդաշյան-Վեսթին ողջունել իր նախնիների երկրում և «WCIT 2019»-ի գաղափարների մեծ բեմում»:

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։  WCIT 2019-ի բանախոսների և օրակարգի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wcit2019.org ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ