09 09 2019

Ճանապարհային ակտիվների կառավարման տեղեկատվական բազա կստեղծվի

Ճանապարհային ակտիվների կառավարման տեղեկատվական բազա կստեղծվի

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար Լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում նախատեսված է ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ստեղծում, որի համար համապատասխան տվյալների հավաքագրման նպատակով ծրագրով նախատեսված է նաև ճանապարհային պայմանների ու երթևեկության ուսումնասիրության իրականացում։ Ուսումնասիրության կատարման համար «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ, հավաքագրված տվյալների մուտքագրման մայրուղիների զարգացման և կառավարման (HDM-4) համակարգ: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ճանապարհային պայմանների ու երթևեկության ուսումնասիրությունը, որն իրենից ներկայացնում է ճանապարհների երթևեկելի մասի հարթության գործակցի և երթևեկության ինտենսիվության չափումների իրականացում, սկսվել է 2018թ. սեպտեմբերից, և 2019թ. ամռանն արդեն ավարտվել էին ՀՀ ամբողջ ճանապարհային ցանցի երթևեկելի մասի հարթության գործակցի և երթևեկության ինտենսիվության չափումները: Շուրջ 7-8 ամսվա ընթացքում ձեռք բերված համապատասխան սարքավորումներով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետները չափումներ են կատարել ՀՀ տասը մարզերի ընդհանուր առմամբ 7443 կմ երկարությամբ ճանապարհների վրա։ Երթևեկության ինտենսիվությունը չափվել է 919 ճանապարհային հատվածներում։

Կազմվել են իրականացված չափումների վերաբերյալ հաշվետվություններ բոլոր մարզերի համար։ Ներկայում կատարվում է հավաքագրված տվյալները մայրուղիների զարգացման և կառավարման (HDM-4) համակարգ մուտքագրելու և տվյալները վերամշակելու գործընթացը:

Տեղեկացնենք, որ նման ուսումնասիրությունները թույլ են տալիս հստակ պատկերացում կազմելու ճանապարհների առկա վիճակի, երթևեկության անվտանգության և ծախսված ժամանակի մասին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար կարևորվում է ճանապարհների վիճակի վերաբերյալ տվյալների հավաքական տեղեկատվական բազայի ստեղծումը, և այդ հարցը գտնվում է նախարարության հսկողության ներքո։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ