06  09  2019

Արայիկ Հարությունյանը կոշտ քննադատության է ենթարկվում ԶԼՄ-ների կողմից. «Մեդիա պաշտպան»

Արայիկ Հարությունյանը կոշտ քննադատության է ենթարկվում ԶԼՄ-ների կողմից. «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը 2019թ-ի օգոստոսի 21-ից 31-ը հետևել է առցանց մամուլում Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Մշտադիտարկման արդյունքներն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Արայիկ Հարությունյանը կոշտ քննադատության է ենթարկվում լրատվականների կողմից.

2019թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրել է 330 հոդված, որոնցից 65-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 263-ը՝ չեզոք։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին լրատվականներն այս անգամ ուշի-ուշով են հետևել, նրա գործունեությունը գնահատել են բացասական։

Լրատվականները նշում են, որ շուրջ մեկ տարի է, ինչ չի տպագրվում գրական-գեղարվեստական «Անդին» ամսագիրը: Ըստ Անդին» ամսագրի երիտասարդության բաժնի խմբագիր Անի Տեր-Գուլանյանի՝ տպագրվում էր 1500 ամսագիր և մեկական օրինակով բաժանվում էր դպրոցներին, որպեսզի ուսանողներն ու ուսուցիչները ծանոթանան արդի և դասական հայ գրականությանը։ Ըստ Տեր-Գուլանյանի՝ Արայիկ Հարությունյանը մի օր պարզապես ֆեյսբուքյան ստատուսի միջոցով որոշեց, որ ամսագիրն այլևս պետք չէ։ Նա նշում է, որ այդ որոշման արդյունքում բազմաթիվ պայմանավորվածություններ են խախտվել։

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը, նշում է, որ Արայիկ Հարությունյանի ղեկավարած նախարարության գործունեության արդյունքում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը չի կարողանալու մասնակցել Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը եւ վտանգված է մեծահասակների մասնակցությունը աշխարհի առաջնությանը. «Անուղղակիորեն ուշացնելով փաստաթղթով ամրագրված մեզ հասանելիք ֆինանսավորումը, ուղղակի չպատասխանելով մեր նամակներին ու հեռախոսազանգերին, դուք ոչ միայն պատասխանատու եք ձեր խղճի առաջ, այլև պատասխանատու եք մեր երիտասարդ, Հայաստանի պատիվը «ՀՊԱՐՏ» պահող մարզիկների առաջ: Իսկ եթե այս երկուսն էլ էական նշանակություն չունեն, հիշեք, որ օրենքի առաջ ստիպված եք լինելու պաշտպանություն գտնել»:

Շարունակում է քննարկվել նաև ՀՊՏՀ ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի ռեկտորի պաշտոնից հեռացման հարցը։ Լրատվականների հետ զրույցում աշխատակիցներից Արմինե Յարալովան գտնում է, որ նախարարի կայացրած որոշումը առնվազն անարդար էր։

Քննադատության առիթ է հանդիսացել նաև Արայիկ Հարությունյանի պատմության գրքերը վերախմբագրելու առաջարկը։ Ըստ հասարակական սեկտորի ներկայացուցիչների՝ դա անընդունելի է, չի կարելի, պատմությունը վերախմբագրել։

Արայիկ Հարությունյանն այս տարի ներկա չի գտնվել Կրթության մշակների օրհնության արարողությունը։ Նշվում է, որ 2010 թվականից սկսած, երբ հիմնադրվել է այս կարգը, ԿԳ բոլոր նախարարները մասնակցել են այդ արարողությանը, և միայն Արայիկ Հարությունյանն է, որ երկու տարի անընդմեջ բաց է թողնում կարգը։ Սա ևս քննադատությունների առիթ է հանդիսացել:»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ