26 08 2019

ԱԺ նախագահը ստորագրել է պատմության ամենախայտառակ կարգադրությունը. Արսեն Բաբայան

ԱԺ նախագահը ստորագրել է պատմության ամենախայտառակ կարգադրությունը. Արսեն Բաբայան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՀՀ ԱԺ նախագահն այսօր ստորագրել է և հրապարակել է Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ամենաաննախադեպ, իրավական առումով ամենախայտառակ կարգադրությունը: Այսպիսի բան նույնիսկ հնարավոր չէր պատկերացնել:

Այդ կարգադրությունից առաջ ԱԺ նախագահն առնվազն պարտավոր էր ստորագրել ԱԺ աշխատակազմի ղեկավարին և նրա բոլոր տեղակալներին պաշտոնից ազատելու կարգադրություն:

Իսկ եթե ԱԺ նախագահն այդպես էլ չստորագրի ԱԺ աշխատակազմի ղեկավարին ու նրա բոլոր տեղակալներին պաշտոններից «վռնդելու» կարգադրություններ, ապա վերջիններս, եթե ունեն մի քիչ պետական մտածողություն և մասնագիտական արժանապատվություն, վայրկյան առաջ պետք է հեռանան ու հավերժ պետք է մոռանան հանրային ծառայության մասին:

ԱԺ նախագահի այդ որոշմամբ ամբողջությամբ հաստատվեց օրեր շարունակ իմ պնդումները, որ տեղի է ունեցել խայտառակ անօրինականություններ:

Իսկ այդ կարգադրության անկառավարելի հետևանքներին կանդրադառնամ ավելի ուշ:

Նշենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հետևյալ կարգադրությունը, ըստ որի ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարին տրվել են մի շարք հանձնարականներ և անվավեր է ճանաչվել ԱԺ նախագահի 2019 թվականի օգոստոսի 9-ի կարգադրությունը:

Փաստաթղթին ծանոթացեք հետևյալ հղումով:

Ավելի ուշ  Aravot.am-ի  հետ զրույցում Արսեն Բաբայանը պարզաբանել էր գրառման բովանդակությունը. «Օրեր շարունակ ես խոսում էի այն մասին, որ ԱԺ աշխատակազմում օգոստոսին տեղի ունեցած պաշտոններից բոլոր ազատումներն ու նշանակումներն ապօրինի են, օրենքի կոպտագույն խախտումներով, և այսօր ԱԺ նախագահն ընդունեց իմ ասած հանգամանքը: Ինչ է տեղի ունեցել՝ ԱԺ նախագահն ընդունել էր կարգադրություններ, որոնք ամբողջությամբ չեն հրապարակվել, եթե չեն հրապարակվել, ապա դրանք իրավական ուժ չունեն, սակայն բոլոր ազատումներն ու նշանակումները տեղի էին ունեցել այս իրավական ուժ չունեցող փաստաթղթի հիման վրա»:

Բաբայանը վստահեցրել էր՝ չէր կարող մարդն ազատվել պաշտոնից, քանի որ դրա իրավական հիմքը՝ ԱԺ նախագահի կարգադրությունը գոյություն չուներ.« Տեղի է ունեցել հետևյալը՝ փաստացի ընդունելով, որ իմ պնդումները ճիշտ են, ԱԺ նախագահը ստորագրեց կարգադրություն, ըստ որի ասում է՝ պետք է հրապարակվեր, չի հրատարակվել, հանձնարարեց, որ դա հրապարակվի և դա հրապարակելուց հետո անվավեր ճանաչել այդ բոլոր հրամաններն ու ակտերը, որոնք ստորագրվել են և, ըստ կարգադրության, դրանց հետևանքները վերացնել: Բայց դրա հետևանքները վերացնելը դժվար կլինի, որովհետև մարդկանց հետ արել են վերջնահաշվարկներ՝ գումար են վճարել: Աշխատանքային օրենսդրության համաձայն, սխալ արված վերջնահաշվարկը չեն կարող հետ պահանջել, այստեղ տեղի է ունեցել ֆինանսական կորուստ, և հետևանքի վերացման անհնարինություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ