16 08 2019

Հայաստանը ձախողել է երկու միջազգային նախագիծ. Analitik.am

Հայաստանը ձախողել է երկու միջազգային նախագիծ. Analitik.am

Analitik.am-ը գրել է. Վերջին շրջանում «Ջրաձոր» ՓՀԷԿ-ը հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում դատական գործընթացի և Ախուրյան գետի վրա գտնվող ՀԷԿ-երի դժգոհության պատճառով:

Ի դեպ, «Ջրաձոր» ՀԷԿ-ը կապվում է գեներալ Մանվելի անվան հետ և արդեն որոշակի ենթատեքստը ակնհայտ է:

Ընդամենը 2 տարի առաջ էր, որ կառավարության որոշմամբ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված Շիրակի մարզի Ամասիա համայնքում գտնվող Ջրաձոր ջրանցքի օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, 7060 քառ. մետր թունելը, ինչպես նաև ջրանցը սպասարկող կառուցվածքները ուղղակի վաճառքի ձևով օտարվել է «ԱՆԻ» ԲԲԸ-ին, որը շահագործում է «Ջրաձոր» ՀԷԿ-ը, իսկ այսօր պարզվում է, որ անօրինականություն է տեղի ունեցել: Եթե անօրինականություն է տեղի ունեցել, ապա կառավարական մակարդակով:

Ի դեպ, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող, Շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի պահպանությանն վարչության պետ Արամ Գաբրիելյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընթացող պրոցեսին, որ վարչական վարույթ էր հարուցել «ԱՆԻ» ԲԲԸ-ի դեմ և նշել, որ «հանձնաժողովն իր բաժին մեղավորությունն ունի տեղի ունեցածի համար» և «ո՞վ է խարդախության հիմնական հարուցողը, գործող օրենսդրական դաշտում դժվար է հասկանալ»: Նա մեկնաբանել էր, որ «տուժողը սպառող բնակիչն է»՝ հարց հնչեցնելով, թե «ո՞վ է թույլ տվել պատվարել գետի հունը, եթե ՀՀ ջրային օրենսգրքով (հոդված 32) դա արգելված է...»:

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է կատարվում, պետք է գալ հեռվից:

Նշենք, որ «Ջրաձոր» նախագիծը գրանցված է որպես Մաքուր զարգացման մեխանիզմ ունեցող նախագիծ, իսկ «Ածխածնային վարկերի բազմակողմանի հիմնադրամն ունի ածխածնային վարկի գործարք «ԱՆԻ» ԲԲԸ-ի հետ և ՎԶԵԲ-ից դրամաշնորհ (մոտ 187,000$) ու վարկ է ստացել՝ մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակում:

Կիոտոյի արձանագրությունն ընդունվել է 1997թ-ին և զարգացած ու անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում էր 2008-2012 թթ. ընթացքում 1990 թվականի համեմատ կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները։ Մաքուր զարգացման մեխանիզմները, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ծրագիր է, որն իրականացվում է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմից որևէ երկրի տարածքում (սովորաբար զարգացող), որը չի մտնում հավելված I-ի մեջ, ամբողջությամբ կամ մասնակիորեն Կլիմայի փոփոխության շրջադարձային կոնվենցիայի հավելված I-ի՝ զարգացած պետությունների մեջ մտնող երկրների ներդրումների հաշվին։ ՄԶՄ նախագծային գաղափարին հավանություն տալու կամ նախագիծը հաստատելու մասին վերջնական որոշումը կայացվում է Լիազորված ազգային մարմնի՝ ԼԱՄ-ի կողմից: Բացի այդ, ԼԱՄ-ը ստանում է Էկոնոմիկայի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների պաշտոնական կարծիքները նախագծերի վերաբերյալ: Ինչո՞ւ այս նախարարությունները, որովհետև նրանք են պատասխանատու երկրի կայուն զարգացման տնտեսական և սոցիալական բաղադրիչների համար: Իսկ կայուն զարգացման բնապահպանական բաղադրիչի գնահատումը իրականացնում է ԼԱՄ-ը, որը Շրջակա միջավայրի նախարարությունն է:

Ի դեպ, ԼԱՄ-ը իր գործառույթները կազմակերպում և իրականացնում է Շրջակա միջավայրի պահպանության վարչության քարտուղարության օգնությամբ: Շրջակա միջավայրի նախարարության պահպանության վարչության կանոնադրության մեջ քարտուղարություն բաժին գոյություն չունի: Այդ դեպքում ինչպե՞ս են ՄԶՄ նախագծերը փորձաքննություն անցնում, երբ ըստ Կլիմայի փոփոխության կայքի ՄԶՄ նախագծերը փորձաքննություն են անցնում հենց այս վարչության քարտուղարության կողմից:

Եթե համապատախան բաժին չունի, ուրեմն չի էլ անցնում: Այսինքն, ՄԶՄ նախագծերն ընդհանրապես փորձաքննություն չեն անցնում մեր երկրում, սակայն ըստ կարգի, բոլոր միջազգային նախագծերը պետք է անցնեն: Ստացվում է, որ կոռուպցիոն ռիսկ կա Մաքուր զարգացման նախագծերի մասով: Իսկ Շրջակա միջավայրի պահպանության վարչությունը ղեկավարում է Արամ Գաբրեիլյանը, ով նաև պատասխանատու է Ջրաձոր ՀԷԿ-ի համար՝ որպես Մաքուր զարգացման մեխանիզմ անցած նախագծի: Նա այսօր ո՞ւմ է մեղադրում՝ ՀԾԿՀ-ի՞ն:

Հետաքրքիր է:

Ի դեպ, որպես Մաքուր զարգացման մեխանիզմ, Հայաստանում նաև Նուբարաշենի աղբավայրի շահագործումն էր, որի վրա մոտ 4,5 մլն դոլար է ծախսվել կամ չծախսվել, որից պետք է ստացվեր էներգիա: Այս նախագիծն այսպես էլ մնաց թափթված վիճակում և այնտեղ միայն կենսազանգված է այսօր այրվում, իսկ ներդրված և չներդրված գումարները այրվում են մեթանի հետ միասին:

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության 2015թ նամակից տեղեկանում ենք, որ Հայաստանը ի սկզբանե չի ունեցել օրենսդրություն, որը կապահովեր Նուբարաշենի՝ որպես ՄԶՄ նախագծի արդյունավետ իրականացումը:

Հատկանշական է, որ անգման ՄԶՄ ձեռնարկը Հայաստանի համար միայն անգլերենով է, անգլերենով է նաև ՄԶՄ հիմնական նամակագրությունը և ՄԶՄ քարտուղարության որոշումները: Դրանով այդ փաստաթղթերը դարձրել են անմատչելի և անվերահսկելի հանրության համար:

Այսինքն, երկու նախագիծ ՄԶՄ ծրագրով երկրում ձախողվել է, կարևոր փաստաթղթերը միայն անգլերեն են: Իսկ տեղյակ է արդյո՞ք Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը, որ որպես Մաքուր զարգացման մեխանիզմներով գործող երկու կառույց անհասկանալի վիճակում են՝ մեկը դատական քաշքշուկի մեջ է և ՄԶՄ փորձաքննություն չի անցել, մյուսը գործում է կիսատ-պռատ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ