15 08 2019

Փորձաքննական եզրակացությունը սպասված իրադարձություն էր. Լիդիան Ինթերնեյշնլի հայտարարությունը

Փորձաքննական եզրակացությունը սպասված իրադարձություն էր. Լիդիան Ինթերնեյշնլի հայտարարությունը

Լիդիան Ինթերնեյշնլի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը անդրադարձել է փորձաքննության եզրակացությանը:

«Փորձաքննական եզրակացության հրապարակումը սպասված իրադարձություն էր, քանի որ ՀՀ կառավարությունը բազմիցս նշել է, որ Լիդիանը հնարավորություն կունենա շարունակել Ամուլսարի ծրագրի իրականացումը փորձաքննության արդյունքներից կախված։ Այժմ պետք է ծանոթանանք փորձաքննական եզրակացության ամբողջական տեքստին և վստահենք, որ այն կհաստատի շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Լիդիանի խիստ ուշադիր մոտեցումը։ Ուրախ ենք տեղեկանալ նաև, որ փորձաքննական եզրակացության հետ կապված Լիդիանի նկատմամբ քրեական հետապնդման կամ քրեական գործի վարույթը շարունակելու հիմքեր չկան: Ծանր տարի էր Ամուլսարի ծրագրի հազարավոր ուղղակի և անուղղակի շահառուների համար։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր աշխատակիցներին, կապալառուներին, մատակարարներին, համայնքներին, վարկաատուներին, բաժնետերերին և մյուս աջակիցներին, ովքեր այս ողջ ընթացքում վստահել են Լիդիանին»,- ասել է նա:

Լիդիան ընկերությունը մշտապես շեշտել է, որ Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության համապարփակ գնահատման գործընթացի հիման վրա տրված ընդերքօգտագործման թույլտվությունների համաձայն։ Այդուհանդերձ, անցած տարվա հուլիսից սկսած Լիդիանի Ամուլսարի ծրագիրը բնապահպանական երեք աուդիտի է ենթարկվել, և Ընկերությունը լիովին համագործակցել է բոլոր փորձաքննական մարմինների հետ։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը նշել էր, որ պատրաստ է փորձաքննության եզրակացության վերաբերյալ որոշում կայացնել այս շաբաթ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ