31 07 2019

Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներին աշխատանքից ազատում են․ ահազանգ

Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներին աշխատանքից ազատում են․ ահազանգ

Լրագրող Գագիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ Ռուսաստանի իշխանությունները աշխատանքից ազատում են Սոչիի օդանավակայանի՝ ազգությամբ հայ աշխատակիցներին։

«Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի իշխանությունները մեծ «գորովանքով» աշխատանքից ազատում են Սոչիի օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցներին։ Եթե այս լուրը համապատասխանում է իրականությանը, ապա մեր իշխանությունները լուրջ անելիք ունեն»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Lրագրողը ներկայացրել է աշխատակիցների նամակը, որում նշվում է․

«Մենք՝ «Սոչիի միջազգային օդանավակայան» ԲԸ-ի աշխատակիցներս, դիմում ենք Ձեզ օգնության համար: Մեր ձեռնարկությունում արդեն երկորդ տարին է՝ շարունակվում են անձնակազմի կոշտ զտումները ազգային հատկանիշով, այսինքն՝ բոլոր հնարավոր միջոցներով աշխատանքից ազատում են հայկական ազգանուններով աշխատակիցների:

Ամեն ինչ սկսվել է 2018 թվականին: Առաջին «զտումն» անցկացվել է 2 ծառայություններում՝ Բեռնափոխադրումների կազմակերպման ծառայություն եւ Ավիացիոն անվտանգության ծառայություն: Օգտագործել են վախի ու պարտադրելու մեթոդը, ապա նրանց, ովքեր հրաժարվել են աշխատանքից ազատվել, կրճատել են՝ փոխելով ծառայության կառուցվածքը: Հայկական ազգանուն ունեցող թեկնածուներին կամ չեն դիտարկում կամ պարզապես մերժում են՝ առանց որեւէ պատճառի եւ հիմնավորման: Արդյունքում այդ երկու ծառայություններում առանց աշխատանքի է մնացել ավելի քան 70 մարդ, որոնց թվում՝ միայնակ մայրեր, ընտանիքի միակ կերակրողներ, վետերաններ, հաշմանդամություն ունեցող մարդիկ եւ այլք:

Այսօր ազգային հատկանիշով աշխատանքից ազատումների ալիքը տարածվում է օդանավակայանի բոլոր ծառայությունների վրա: Մինչեւ 2019թ. սեպտեմբերի 1-ը պետք է ինքնակամ հրաժարական տանք, հակառակ դեպքում՝ պարտադրում են դիսցիպլինար տույժով կամ աշխատանքից ազատումով: Օդանավակայանի աշխատակիցները մի քանի ամսվա ընթացքում այնքան դիսցիպլինար տույժ են ստացել, որքան չի եղել օդանավակայանի ողջ պատմության ընթացքում:

Բոլոր աշխատակիցները պարզապես շոկի մեջ են՝ նման կամայականությունից եւ ՌԴ հայազգի քաղաքացիների ճնշումներից: Եվ դա տեղի է ունենում բազմազգ Սոչի քաղաքում, որտեղ դարերով տարբեր ազգի ներկայացուցիչներ են ապրել խաղաղության եւ փոխըմբռնման մթնոլորտում:

Աշխատանքից ազատում են նույնիսկ Սոչիի օդանավակայանի հերթափոխի պետ Վլադիմիր Բեգիյանի հարազատ եղբորը (Վլադիմիր Բեգիյանը մահացել է սրտի նոպայից 2018 թվականի սեպտեմբերին Boeing-ի վթարային վայրէջքի հետեւանքների վերացման ժամանակ, Բեգիյանն առաջինն է հասել  դեպքի վայր, օգնել է ուղեւորների տարհանումը եւ համակարգել է օդանավակայանի ծառայությունների աշխատանքը, հետմահու պարգեւատրվել է Ռուսաստանի նախագահի կողմից «Զոհվողների փրկության համար» մեդալով):

Աշխատանքից ազատվածների փոխարեն ընտրում են առանց փորձի, կրթության եւ որակավորման մարդկանց, միայն թե նրանք չունենան հայկական արմատներ: Նույնիսկ հաշվի չեն առնում այն աշխատակիցներին, որոնք իրենց կյանքն են նվիրել ավիացիային, տասնյակ տարիներ անցկացրել Սոչիի օդանավակայանում՝ անկախ ընտանեկան կարգավիճակից, տարիքից:

Մենք եւ մեր բոլոր գործընկերները, ՌԴ քաղաքացի ենք, Սոչիի բնակիչ, հայրենասեր, նվիրված ավիացիային: Խնդրում ենք Ձեզ լուծել հարցն ու վերացնել հայերի նկատմամբ խտրականությունը: Մենք պարզապես ցանկանում ենք աշխատել, նորմալ ապրել, կերակրել մեր ընտանիքներն ու վստահ լինել մեր երեխաների եւ թոռների ապագայի կայունության մեջ: Տվյալ խնդիրը վերաբերում է 200 աշխատակցի, մոտ 100-ն արդեն աշխատանքից ազատվել է, եւ եթե հաշվի առնենք նրանց ընտանիքիներին, ապա խնդիրը վերաբերում է առնվազն 1000 մարդու»:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ