30 07 2019

Օմբուդսմենն արձագանքում է նախկին նախարարին



Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում խնդիրները բազմաթիվ են, մշտապես տեղի են ունենում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ՝ կեցության պայմանների, բժշկական սպասարկման և այլ առումներով։

Խնդիրներից առավել ընդգծվածը, թերևս, գերբեռնվածությունն է, երբ 4 հոգու համար նախատեսված խցում, ասենք, գոյատևում է 12 հոգի։

Արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանը 2019թ․ ապրիլի 29-ի ասուլիսում ասում է հետևյալը․ «Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ծանրաբեռնվածության խնդիր չկա, յուրաքանչյուր մահճակալի վրա գրանցված է մեկ դատապարտյալ և հետևաբար դրանից բխող բոլոր արատավոր երևույթները վերացված են»։

2019թ․ հուլիսի 17-ի ասուլիսում, սակայն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարում է․ «Դուք գիտեք, որ անընդհատ նշվում է, թե քրեակատարողական հիմնարկներում լուծվել է կամ զգալիորեն լուծվել է գերբնակեցման հարցը։ Իհարկե՝ դա եղել է ՔԿՀ-ների արհեստական բեռնաթափման հաշվին, որը ճիշտ չէ։ Բայց, ամեն դեպքում, անցյալ տարի և այս տարի մենք արձանագրել ենք գերբնակեցման որոշակի դեպքեր, ըստ ռեժիմների, ըստ տեսակների։ Օրինակ՝ կալանավորված անձանց պահման հետ կապված Վարդաշեն ՔԿՀ-ում անցյալ տարի ենք հայտնաբերել, այս տարի նույնպես հայտնաբերել ենք գերբնակեցում մայիս ամսին»։

Այսինքն, նախարարի հայտարարությունից թե գերբնակեցում չկա, մեկ ամիս անց օմբուդսմենը նման դեպք է արձանագրում։ Հիմա կամ Արտակ Զեյնալյանը հենց նախարարի պաշտոնից հրաժարական է տվել, անմիջապես բանտերը գերբեռնվել են, կամ էլ նա պարզապես ոչ ճիշտ պատկեր էր ներկայացնում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ