25  07  2019

Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար մոտ 270 մլն եվրո է հավաքվել

Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար մոտ 270 մլն եվրո է հավաքվել

Ֆրանսիայում այս տարվա ապրիլին խոշոր հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար ֆրանսիական 4 հիմնադրամների կողմից գրեթե 270 մլն եվրոյի նվիրատվություն է հավաքվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Լրատվականը տեղեկացնում է որ դրամահավաքին մասնակցել են հազարավոր դոնորներ՝ ավելի քան 150 երկրներից:  «Ժառանգության հիմնադրամ» կազմակերպության մամուլի ծառայության ղեկավար Լորանս Լևիի խոսքով՝ ընդհանուր առմամբ շուրջ 230 000 դոնորից նվիրատվություն է ստացվել, միայն 100 մլն եվրո հատկացրել է ֆրանսիական Total նավթագազային կազմակերպությունը, 54 մլն եվրո հատկացվել է մասնավոր անձանց կողմից, իսկ մնացած մասն այլ կազմակերպությունների նվիրատվություններ են:   Խոշոր բարերարներից Բեռնար Առնոյի ընտանիքն ու իր Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խումբը և գործարար Ֆրանսուա Անրի Պինոն, որոնք տաճարի վերակառուցման համար խոստացել էին համապատասխանաբար 200 և 100 մլն եվրո հատկացնել, մինչ այժմ միայն 10-ական մլն եվրո են նվիրաբերել:

Աստվածամոր տաճարի գլխավոր ճարտարապետ Ֆիլիպ Վիլնովը հայտնել է, որ Եվրոպայում տիրող օդի անոմալ բարձր ջերմաստիճանը կարող է վտանգ ներկայացնել տաճարի համար, տեղեկացնում է  CNN-ը:

Ճարտարապետը նշել է, որ աղյուսաշարը կամ հանգույցները չորանալով կարող են թուլանալ, և տանիքը կարող է փլվել:

Նկատենք, որ Եվրոպայում այս ամռան երկրորդ ջերմային ալիքն է տարածվում: Ֆանսիայի Բորդո քաղաքում երկուշաբթի +41,2 աստիճան է գրանցվել, ինչը գերազանցել է 2003 թվականի ռեկորդը: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով այն մեծապես վնասվել էր, սակայն հիմնական շինությունը հաջողվել էր փրկել: Հրդեհի պատճառը, ըստ երևույթին, տաճարի ներսում ընթացող շինարարական աշխատանքներն են եղել: Հրդեհի հետևանքով 850 տարվա հնության տաճարի՝ 19-րդ դարում ավելացված ցցաձողը փլվել էր, մեծապես տուժել էր տանիքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ