20 07 2019

Մի գոռացեք, մենք ուրիշ բանի համար ենք եկել. Փաշինյանը` քաղաքացիներին

Մի գոռացեք, մենք ուրիշ բանի համար ենք  եկել. Փաշինյանը` քաղաքացիներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին Գյումրիում մասնակցել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» տնտեսական համաժողովին: Կառավարության ղեկավարը նախ շրջայց է կատարել համաժողովի շրջանակում բացված էքսպո-ցուցահանդեսում, ծանոթացել տաղավարներում ներկայացված Շիրակի մարզի ընկերությունների արտադրություններին` գյուղմթերք, վերամշակող արդյունաբերություն, տեքստիլ, կոշիկի արտադրություն և այլն: Նիկոլ Փաշինյանն ընկերությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է արտադրության կազմակերպման խնդիրներից և առաջիկա ծրագրերից: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա միջոցառումը հարմար է հայտնի իրադարձություններից մեկ տարի անց խոսելու կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային մոտեցումների մասին: «Ըստ էության, այս հայեցակարգային դրույթները պետք է անվանեմ տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ, որոնք մենք առաջիկայում կամբողջացնենք և կներկայացնենք որպես ամբողջական ռազմավարություն, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացումը և տնտեսական կառուցվածքը: Այս փուլում արդեն կարողացել ենք կարևոր քայլ անել, խոսքը Հարկային օրենսգրքի բարեփոխումների մասին է: Տնտեսական քաղաքականության մեջ մենք նաև հարկային փոփոխութունների մի քանի մակարդակ ենք դիտում` միկրո, միջին և մակրո բիզնեսների նկատմամբ վարվող քաղաքականություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով որ մակրո բիզնեսը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:

Վարչապետը տեղեկացրել է, որ գալիք տարվա հունվարի 1-ից միկրո բիզնեսը կազատվի բոլոր տեսակի հարկերից, այս ընկերությունների աշխատողների համար եկամտային հարկը 23 տոկոսի փոխարեն կսահմանվի 5-հազարական դրամ: «Սա կարևորում ենք գործարար ակտիվությունը մեծացնելու համար, այն մեր աջակցությունն է քաղաքացիներին և կոչը` ծավալել գործունեություն: Այս գործը տեսնում ենք որպես աղքատության հաղթահարման կարևոր մի գործիք: Օրինակ, այսօր ընտանեկան բիզնեսի դեպքում շեմը բարձրացրել ենք մինչև 24 մլն դրամ: Գալիք հունվարի 1-ից այդ հնարավորությունից կօգտվեն նաև Երևանից դուրս գտնվող առևտրային կրպակները, խոսքը վերաբերում է նրանց, ովքեր իրենց գործունեությունը չեն ծավալում առևտրային կենտրոններում: Տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող հյուրատները նույնպես կօգտվեն այս արտոնությունից»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարության տնտեսական քաղաքականությունն ունի սոցիալական ուղղվածություն. ընթացիկ տարվա հուլիսի 1-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսիների վարորդները ազատվել են վճարներից: Մինչ այս Երևանում գործունեություն ծավալող տաքսիների վարորդները ամսական վճարում էին 12, իսկ մարզերում` 8 հազար դրամ: Գործունեություն ծավալելու լիցենզիաների ստացման գործընթացը նույնպես անվճար է:

«Սա նշանակում է որ մեր հայրենակիցներին գործունեություն ծավալելու հնարավորություն ենք տալիս և հույս ունենք, որ սա կլինի կառավարություն-քաղաքացի համագործակցության որոշակի չափանիշ: Տաքսիների վարորդներին ազատելով հարկային պարտավորությունից` հույս ունենք, որ նրանք հետևողականորեն կաշխատեն սպասարկման, ծառայությունների վրա, որովհետև յուրաքանչյուր զբոսաշրջիկ տաքսիից որոշակի տպավորություններ է ստանում: Մեր խնդիրը պետք է լինի անել այնպես, որ Հայաստանի Հանրապետություն եկող ամեն օտարերկրացի շարունակի այցելել Հայաստան և իր հայրենակիցներին ևս հորդորի դա անել»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ հարկային նոր փոփոխություններով տնայնագործությամբ զբաղվող անհատները նույնպես ազատվում են շրջանառության հարկից: Ռեստորանների համար հարկային սահմանաչափերը վերադարձվել են 2018 թվականի հուլիսի 1-ի մակարդակին, հետադարձ ուժ է հաղորդվել օրենքին և ռեստորանների ներկայացուցիչները հարկերը վերահաշվարկելու հնարավորություն են ստացել:«Սրանք շատ կարևոր խթան կհադիսանան տուրիզմի զարգացման համար: Նշված ոլորտների մեծ մասը մեծ առնչություն ունի տուրիզմի հետ: Կենտրոնական բանկի տվյալներով` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկները շուրջ 120 մլն դոլար ավելի են ծախսել Հայաստանում: Սա ընդգծում եմ հետևյալի համար. այս քաղաքականությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար բացում ենք որոշակի տնտեսական գործունեություն վարելու հնարավորություն»,- ասել է կառավարության ղեկավարը` ավելացնելով, որ կառավարությունը ուղիղ ձևով վերջ է տալու կոռուպցիոն համակարգի հետ կապված տնտեսական համակարգին և այստեղ կոմպրոմիս չի լինելու:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Իջանի իրադարձություններին` ընդգծել է, որ կառավարությունը մտադիր չէ ապօրինի որևէ կոմպրոմիսի գնալ և զարմանալի համարել այն կարծիքները, թե ինչու է ապօրինի ծառահատումների դեմ պայքարն այդ ծավալով իրականացվում, չէ որ դա այդ մարդկանց ապրուստի փողն է:

«Սա ինձ համար անհասկանալի մոտեցում է: Կներեք, հազար դրամ վերցնող երբեմնի ճանապարհային ոստիկանի 1000 դրամն էլ իր ապրուստի փողն է, կոռուպցիոների կաշառքն իր ապրուստի փողն է, գողություն անողի ապրուստի փողը գողությունն է, ավազակություն անողի ապրուստի փողն ավազակությունն է: Մենք կարծում ենք` ստեղծել ենք բավարար դաշտ, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան և մենք հետևողական աշխատելու ենք այս ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ՀԴՄ-ների խնդրին, մասնավորապես այն հարցին, թե ինչպես է կառավարությունը տեղեկացվելու, թե հարկերից ազատվող որ ընկերությունն է տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունենում` վարչապետն ասել է. «Դրա համար կա մեկ հնարավորություն` ՀԴՄ-ների լայն շրջանառությունը, որը կապված է ՊԵԿ-ի հետ: Մարդը պետք է ՀԴՄ թողարկի ամեն գործարքի համար, որպեսզի հանրագումարում իմանանք, թե ինչ է կատարվում: Այն արդարացումները, որ տեսեք` հարկային դաշտն այնքան ծանր է, որպեսզի ՀԴՄ խփենք, որևէ նշանակություն չեն ունենալու: Եթե պարզվի, որ տվյալ ընկերությունը միկրո բիզնես է, ապա միանշանակ պետք է հարկ չվճարի: Այս ուղղությամբ ևս կառավարության քաղաքականությունը խստացվելու է: Այս դեպքում նույնպես օրենքը պետք է գործի ամենայն խստությամբ»:

Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ մեր երկրի այսօրվա տնտեսական վիճակի հաղթահարումն ամենևին էլ միկրո բիզնեսի միջոցով չի լինելու: «Մեր երկիրը պետք է լինի արդյունաբերական պետություն: Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք բոլոր տեսակի արդյունաբերությունները զարգացնելու վրա: Հարկային նոր փոփոխություններով մենք սահմանեցինք համահարթ եկամտահարկ ու գիտեմ, որ դրա հետ կապված նույնպես կան որոշակի մտահոգություններ, որովհետև դրա արդյունքում գալիք տարվա հունվարի 1-ից 146 հազար մարդու աշխատավարձերը կավելանան, բայց նրանք մեր աշխատողների մեծամասնությունը չեն, այլ փոքրամասնությունը: Արդյոք արդարացված չեն համահարթ եկամտահարկի հետ կապված քննադատությունները: Կարծում եմ` մենք ճիշտ որոշում ենք կայացրել: Հայաստանում լայնորեն տարածված է ստվերային աշխատավարձի պրակտիկան, համահարթ եկամտահարկի ներմուծմամբ մենք շանս ենք ստեղծում, որպեսզի գործատուները և աշխատողները կարողանան ստվերը դուրս բերել: Պետք է որոշակի ժամանակ սպասենք` հասկանալու համար, թե հարաբերակցությունն ինչպես է փոխվում: Առաջիկա տարիներին մենք համահարթ եկամտահարկի շեմն իջեցնելու ենք` դարձնելով 20 տոկոս, այսինքն բոլորի համար է եկամտահարկը նվազում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ ժամանակը ցույց կտա համահարթ եկամտահարկի կիրառման արդյունավետությունը:

Վարչապետը նշել է, որ այսպիսի քաղաքականության որդեգրումը կապված է նաև Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ կառավարության պատկերացումներով: «Մեզ մեղադրում են, թե այս քաղաքականությունը վարվում է բարձր աշխատավարձեր ստացողների համար: Մենք ասում ենք, որ հենց բարձր աշխատավարձերի քաղաքականություն ենք վարում: Երբ ասում ենք, որ կառուցելու ենք տեխնոլոգիական երկիր, նաև համարում ենք, որ ցածր աշխատավարձային սեգմենտ չպետք է լինի, աշխատանքի շուկան պետք է աչքի ընկնի բարձր աշխատավարձերով և որակյալ աշխատողներով: Այս խնդրի լուծման համար մեր ռազմավարական պատկերացումը մեր երկրի արդյունաբերականացումն է և պետք է լուծենք խնդիրը, թե ինչպես ենք աջակցելու արդյունաբերությանը և արտահանում իրականացնող արտադրություններին: Հիշեցնեմ, որ կառավարության ծրագրում սա առաջնային դրույթներից մեկն է, բայց ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել ներքին արտադրության աջակցման բազմաշերտ մշակույթի վրա: Պետք է քաղաքացիները, սպառողներն իրենց գնումներն իրականացնելիս նախընտրությունը տան տեղական արտադրողներին: Ցավոք, մեր տեղական արտադրությունը փոքր է և փոքր աջակցությունը կարող է ունենալ վճռական նշանակություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ այսօր էլ կրում է բացառապես հայկական արտադրության հագուստ, միակ բացառությունը փողկապն է:

Խոսելով ներդրումային միջավայրը բարելավելու մասին` վարչապետը նշել է, որ կառավարությունը պետք փորձի հանդես գալ տեղական արտադրանքի հիմնական սպառողի դերում, բայց այս հարցը քննարկելիս գործադիրը բախվում է մեծ խնդրի: «Ամեն տարի կառավարությունը խոշոր գնումներ է իրականացնում, բայց ինչպես գիտեք, այդ գնումները պլանավորվում են հիմնականում մեկ տարվա կտրվածքով: Իսկ դա մեր հաշվարկներով չի կարող դառնալ գրավիչ ներդրողների համար, ուստի կայացրել ենք կարևոր որոշում: Պետական գերատեսչությունները, ձեռնարկությունները պետք է իրենց գնումները պլանավորեն 5-10 տարիների կտրվածքով: Մենք գերատեսչությունների ծախսերը պլանավորում ենք առանձին, բայց կառավարոությունը պետք է կոնսոլիդացնի պետական գնումների հաշվարկը: Մեր խնդիրն է պարզել, թե առաջիկա 10 տարիների ընթացքում պետական ընկերություններն, օրինակ, որքան համակարգիչներ են գնելու, հաշվարկել ծավալը, անել հաշվարկներ, պարզել, արդյոք 10 տաս տարվա ընթացքում մեր երկրում համակարգիչ արտադրելը կարող է պոտենցիալ ներդրողի համար տնտեսապես լինել շահավետ: Եթե պարզվի, որ դա հետաքրքիր չէ այսօրվա օրենսդրության պայմաներում, ապա պետք է իրականացնել փոփոխություններ, որպեսզի արտադրությունը կազմակերպելը լինի հետաքրքիր ներդրողների համար»,-ասել է կառավարության ղեկավարը` ավելացնելով, որ արդյունքում ներդրող ի հետ կկնքվի երկարաժամկետ պայմանագիր և տվյալ ապրանքի արտադրությունը կկազմակերպվի Հայաստանում:

Վարչապետի խոսքով, բնականաբար, ներդրողի առաջ պետք է խնդիր դրվի գնումների ընթացքում Հայաստանից դուրս ձեռք բերել գործընկերներ, որպեսզի արտադրական պրոցեսը լինի հնարավորինս երկարաժամկետ:

Տնտեսության զարգացման գործում վարչապետը կարևորել է նաև հողային ռեֆորմի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը մեծ խնդիր է համարել այն, որ մեր երկրի աշխատուժի 30 տոկոսը ներգրավված է գյուղատնտեսության մեջ, ՀՆԱ-ի 14 տոկոսը կազմում է գյուղատնտեսությունը: «Հայաստանում պետք է գյուղատնտեսության մեջ զբաղված աշխատուժի տեսակարար կշիռը նվազի և ավելանա արդյունաբերության մեջ ներգրավվածների տեսակարար կշիռը: Այս առումով, հողային ռեֆորմը շատ կարևոր է, որը հնարավորություն պետք է տա զարգացնել արդյունաբերությունը, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը: Այդ ջանքերը պետք է լինեն մեր կառավարութան քաղաքականության հաջորդ կարևոր ուղղությունը:

Նաև մենք տեխնոլոգիական ոլորտը տեսնում ենք որպես տնտեսության առաջատար ճյուղ: Վերջերս տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններով ավելի լավ պայմաններ ստեղծեցինք ստարտափերի գործունեության համար և այս քաղաքականությունը վարելու ենք շարունակական: Մեզ համար կարևոր է նաև ռազմարդյունաբերական համալիրի շոշափելի զարգացումը, հույս ունենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը կբերի կոնկրետ արդյունքների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` համաժողվի ընթացքում ցուցադրված Շիրակի մարզի մասին պատմող տեսանյութում ականատես եղանք արդյունաբերական փլուզված, ժանգոտած հզորությունների: «Մի առիթով ասել եմ, ինչպես նախորդ 30 տարիների ընթացքում արդյունաբերական տարածքները, ձեռնարկությունները վեր են ածվել առևտրային տարածքների, այնպես էլ առաջիկա 30 տարիների ընթացքում տոնավաճառները պետք է վերածվեն արտադրական, արդյունաբերական տարածքների, Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը: Նորը նման չի լինի հին արդյունաբերությանը, բայց ունենք բավարար ինտելեկտուալ պոտենցիալ, ի վիճակի կլինենք կրթական բարեփոխումներով այդ պոտենցիալը քայլ առ քայլ հետևողականորեն զարգացնել: Մենք հավատում ենք, որ սա նաև լուծելու է երկրում առկա դեմոգրաֆիական խնդիրը»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ այդ խնդիրը կլինի լուծել ոչ այնքան սոցիալական ծրագրերով, որքան Հայաստանը հզոր արդյունաբերական երկիր դարձնելու արդյունավետ քաղաքականությամբ: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ մեր երկրում դեմոգրաֆիական խնդիրը լուծվել է այն ժամանակ, երբ խորհրդային ժամանակաշրջանում զարգացում է ապրել արդյունաբերությունը:

«Այն, ինչ մեկ անգամ կարողացել ենք անել, կկարողանանք անել նաև երկրորդ անգամ, սակայն այս անգամ դաս քաղելով նախորդ սխալներից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` կոչ անելով, որպեսզի յուրաքանչյուրը սկսկի որոշումներն իր ներսում կայացնելով և ձևավորելով դրանք իրականացնելու անկոտրում և անբեկանելի կամք:

Վարչապետը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում շրջայցի ընթացքում ծանոթացել է նաև Շիրակի մարզում նախատեսվող տարբեր ներդրումային ծրագրերին, որոնք իրականացվելու են գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերամշակող արդյունաբերության ծառայությունների և այլ ոլորտներում:

***

Ցուցահանդեսի մեկնարկին տարբեր քաղաքացիներ մոտենում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նամակներ փոխանցում, պատմում իրենց խնդիրների մասին:

Վարչապետը խնդրեց քաղաքացիներին, որպեսզի նրանք իրենց բողոքները ներկայացնեն իր օգնականին՝ Նաիրի Սահակյանին:

«Այսօր այդ օրը չէ, ուրիշ բանի համար ենք եկել: Մի գոռացեք: Իմ օգնական Նաիրի Սահակյանը կլսի բոլորիդ խնդիրները, թողեք հիմա գնանք»,- ասաց վարչապետը:

***

 

 

Կառավարությունը միկրոբիզնեսն ազատում է հարկերից, հոգում մինչև 18 տարեկանների, սոցիալապես անապահովների, ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամների կենսական առողջապահական կարիքները, իսկ մնացած հոգսերն ամեն ընտանիք ինքը պետք է հոգա իր օրինական աշխատանքով: Շիրակի մարզ այցելությունից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազմաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում:

Մենք միկրոբիզնեսը ազատում ենք հարկերից, հոգում ենք մինչեւ 18 տարեկանների, սոցիալապես անապահովների, ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամների կենսական առողջապահական կարիքները, շուտով ընտանեկան նպաստի համակարգը կվերափոխենք այնպես, որ երեխա ունեցող ընտանիքը ոչ մի կերպ չի զրկվի նպաստից եւ աշխատելու, եկամուտ ստանալու հնարավորություն կստանա:

Մենք արտոնյալ վարկավորման տասնյակ ծրագրեր ենք իրականացնում, մենք ասում ենք, որ ոչ մի սովորող ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չի մնա բուհից, մենք պատրաստվում ենք կատարել աղետի գոտու բնակիչների նկատմամբ պետության ունեցած բոլոր պարտավորությունները: 

Մնացած հոգսերը ամեն ընտանիք ինքը պետք է հոգա իր օրինական աշխատանքով: Եվ Հայաստանում կա աշխատանք: Հայաստանում հնարավոր է ստեղծել աշխատանք:

Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում են նրանց պահել մի քանի կոռուպցիոների նախընտրական որդնած բրնձի հույսին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ