18 07 2019

Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալ ծառայողական մեքենա չի ունենա

Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալ ծառայողական մեքենա չի ունենա

Կառավարությունը հուլիսի 17-ին հերթական նիստին սահմանեց Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ծառայողական ավտոմեքենաների քանակը:

Ըստ որոշման նախագծի՝ մեկական ավտոմեքենա կհատկացվի տեսչական մարմիններին՝ պաշտոնատար անձանց սպասարկման համար, իսկ մնացած ավտոմեքենաները կարող են ծառայել բացառապես տեսչական մարմինների գործառույթներից բխող պարտականությունները իրականացնելու համար։ Արդյունքում, տեսչական մարմինների ղեկավարների թվով 16 տեղակալներ չեն ունենալու սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ։

Նախագծով սահմանվում են նաև յուրաքանչյուր տեսչական մարմնի կողմից վերահսկողական և մյուս լիազորություններն առավել արդյունավետ և օպերատիվ իրականացնելու նպատակով օգտագործվող ավտոմեքենաների առավելագույն թիվը:

Ավտոմեքենաների քանակը սահմանելիս իրականացվել է կարիքների գնահատում, հաշվի են առնվել տեսչական մարմինների կողմից փաստացի տնօրինվող ավտոմեքենաների թիվը և տեսչական մարմինների արդյունավետ գործունեության (ստուգումներ, վարույթներ, իրազեկման և կանխարգելիչ այլ աշխատանքներ) համար անհրաժեշտ նվազագույն քանակները՝ հաշվի առնելով նաև տվյալ մարմինների հիմնական մասնագիտական և տարածքային ստորաբաժանումների կողմից տարբեր վայրերում միաժամանակ իրականացվող գործողությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ