15 07 2019

Հայկ Մարությանը՝ քննադատությունների կիզակետում

Հայկ Մարությանը՝ քննադատությունների կիզակետում

2019 թ. հուլիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 130 հոդված, որոնցից 57-ը եղել է բացասական, 12-ը՝ դրական, 61-ը՝ չեզոք։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին մեծ քանակությամբ բացասական հոդվածները հիմնականում վերաբերվում են քաղաքային աղբահանության խնդրին։ Այս տասնօրյակում Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին (2017-ի գումարման) անդամ Սոնա Աղեկյանը մի քանի աջակիցների հետ աղբ էր լցրել Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ և այդ քայլով արտահայտել էր իր դժգոհությունն իրականացվող աղբահանությունից և կոշտ քննադատության էր ենթարկել քաղաքապետին։ Քննադատության մեծ ալիք կա նաև համացանցում, որն էլ իր արտացոլումն է ստանում նաև լրատվականներում։

Հայկ Մարությանի մասնակցությամբ վերջերս գովազդ հայտնվեց հեռուստաեթերում, այդ գովազդը ևս քննադատության արժանացավ։ Քաղաքապետին հորդորում էին գովազդում նկարահանվելու փոխարեն քաղաքային խնդիրներով զբաղվել։

Քննադատությունների հիմք է նաև հանդիսացել վերջերս Երևանում վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարանով ապահովելը։ Առաջին հայացքից, թեման չպետք է քննադատական լիներ, բայց նախկին իշխանության կողմնակիցները պնդում են, որ Հայկ Մարությանը իրեն է վերագրում նախկինների իրականացրած աշխատանքը։ Նրանք պնդում են նաև, որ նոր շենքերի կառուցապատումը և այդ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը մշակել և սկսել է իրականացնել նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Փաստացի Հայկ Մարությանը քաղաքային խնդիրների պատճառով հայտնվում է քննադատությունների կիզակետում։ Պարբերաբար հայտնվող աղբակույտի նկարները ևս մեկ հարված են քաղաքապետի իմիջին։ Հայկ Մարությանը պետք է ճիշտ կադրային քաղաքականություն իրականացնի, որպեսզի քաղաքային խնդիրները հետզհետե լուծվեն, իսկ իր իմիջը դրան զուգահեռ բարձրանա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ