07 06 2019

Քննիչ, որ գյուղատնտեսությամբ միլիոններ է վաստակում



«Մարտի մեկի» գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանի դրամական միջոցները մեկ տարում կտրուկ ավելացել են՝ 10 մլն դրամով: 2018-ին 4 մլն դրամով գնել է Mercedes Benz S 550 4 Matic մոդելի ավտոմեքենա: Միաժամանակ քննիչի փոխառությունները տարեվերջին 2.1 մլն դրամ են կազմել: Թե ինչպես է մեկ տարում 10 մլն դրամանոց թռիչք արձանագրել, պարզաբանում է ինքը Մուշեղյանը. «Ես ինքս Արարատի մարզից եմ, գյուղից, այգիներ եմ մշակում։ Եթե հողի հետ աշխատում ես, վաստակում ես, նաև կարողանում ես տնօրինես, վայելես»։

Կարծես թե ոչ մի դատապարտելի բան չկա, որ կարող է մարդ 1 տարվա ընթացքում հարստանա, տնօրինի, վայելի, այն էլ՝ գյուղատնտեսությամբ: Բայց ահա գյուղատնտեսութամբ հարստանալը խիստ անհասկանալի էր և կասկածելի նախկինում ԱԺ պատգամավոր, հիմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար:

 «Ասում եք հող եք մշակել, ձևն ասեք: Էդ ո՞նց ա լինում, որ ամբողջ Հայաստանի աՀանրապետություը հող է մշակում ու տոկոսի տակ ա ընկնում, դուք հող եք մշակում, միլիոնավոր դոլարներ եք աշխատում: Ձևն ասեք, էդ հատուկ ձև՞ ունեք, էդ ի՞նչ է կատարվում»,- ԱԺ դահլիճում ասում էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հավանաբար, ձևն ասվել էր, որ քննիչ Մուշեղյանը, հիմնական աշխատանքից զատ անմիջապես զբաղվել էր դրանով և դարձել միլիոնատեր: Ձևը Մուշեղյանն էլ պատմել էր պետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ միջնորդեց նախագահին պարգևատրել Մուշեղյանին «Մխիթար Գոշի» մեդալով:

Հողագործությունը ծանր աշխատանք է, և ծանրաբեռնված քննիչի համար դրանով հարստանալը չափազանց ծանր գործ է եթե չասենք՝ անհնարին: Դա նշանակում է, որ քո միակ անելիքը պետք է լինի հողին կպած լինելը: Իսկ քննիչ Մուշեղյանը գիշեր ու զօր աշխատել է հանուն հայրենիքի Հատուկ Քննչական Ծառայությունում:

Դժվար թե մեդալը Հատուկ Քննչական Ծառայությունում ծանր աշխատանքի համար են տվել՝ հաշվի առնելով որ «գործը ջուր է», ապացույցներն էլ դեռ չեն երևում, և դժվար թե նրա համար որ գաղտնալսմանը հաջորդած ասուլիսում ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներ էին ասում, որ իբրև այն վախեցած դատավորը, որ ուզեր-չուզեր կալանքը պետք է տար, քննիչ Մուշեղյանն էր: Դրա համար էլ մեր օրինավոր երկրում մեդալ չէին տա: Եվ ուրեմն ինչի՞ համար է մեդալը։ Գյուղատնտեսությամբ միլիոններ վաստակելու։ Հավանաբար: Հետևաբար, եթե նախորդ իշխանության ժամանակ դա ծաղրանքի էր արժանանում, հիմա նորմալ է, կոռուպցիան էլ չկա, մարդիկ հիմնական գործից հետո գյուղատնտեսությամբ կարող են միլիոններ վաստակել, Մերսեդեսներ գնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ