21 05 2019

Վանաձորում զինվորականների համար բնակելի շենք է բացվել

Վանաձորում զինվորականների համար բնակելի շենք է բացվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 21-ին, այցելել է հանրապետության հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամաս: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Զինված ուժերի ուսումնական պատրաստության պլանի համաձայն՝ զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքների շրջանակում, ՀՀ պաշտպանական գերատեսչության  ղեկավարը հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ:

Դավիթ Տոնոյանը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի եւ Արցախի շուրջ ձեւավորված անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, միջազգային ու տարածաշրջանային շահերի եւ հակամարտությունների ոլորտում առկա եւ հավանական զարգացումները, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմանների ապահովման հիմնական գրավականները:

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաեւ սպաներին հետաքրքրող հարցերին:

Այնուհետեւ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։

Շնորհավորելով բնակարանամուտ տոնող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` Դավիթ Տոնոյանը մաղթել է նրանց նոր հարկի ներքո ընտանեկան երջանկություն ու ջերմություն` վստահություն հայտնելով, որ բնակարանամուտը խթան կհանդիսանա նաեւ զինվորական ծառայությանը նոր լիցքերով ու եռանդով լծվելու համար:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված յուրաքանչյուր այսպիսի նախաձեռնություն մի նոր ու առաջանցիկ քայլ է՝ զինված ուժերի մարտունակությունն առավել ամրապնդելու ճանապարհին, եւ պատահական չէ, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն անում է հնարավորը՝ զինվորականների ծառայությունն ըստ արժանվույն գնահատելու, զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալ-կենցաղային, մասնավորապես` բնակարանային ապահովման խնդիրները կարգավորելու համար: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ շեշտել է, որ բնակարանների բաշխումն իրականացվել է բանակային զորամիավորման հրամանատարության որոշման հիման վրա՝ հաշվի առնելով սպաների բնութագիրը, բնակարանային պայմաններն ու ծառայողական գործառույթները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ