15  05  2019

Ե՞րբ է Երևանում ճոպանուղի և մետրոյի նոր կայարան լինելու․ պատասխանում է Մեսչյանը

Ե՞րբ է Երևանում ճոպանուղի և մետրոյի նոր կայարան լինելու․ պատասխանում է Մեսչյանը

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քաղաքի հետ կապված ակտուալ հարցերին։

Ֆիրդուսի թաղամասի խնդրին անդրադառնալով՝ նա նշեց, որ բնակիչների վերաբնակեցման խնդիրները լուծված են, սակայն հողատարածքների խնդիր կա։ «Երկար տևեց, բայց քանի որ շատ-շատ քանակի մարդիկ են ներգրավված այդ ծրագրում, պետք է բախտորոշիչ որոշումներ կայացվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ հողամասերը գրեթե իրացված են, ու  ծրագիրը հավանության է արժանացել։

Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը նշեց՝ հուսով է, որ հաջորդ տարեսկզբից կսկսվեն մետրոյի նոր կայարանի շինարարական  աշխատանքները, որոնք կատարվելու են ոչ թե բյուջեի, այլ կառուցապատողների հաշվին։

«Հիմա մենք ավելի շատ զբաղվում ենք դիվանագիտությամբ, ոչ թե ճարտարապետությամբ: Կա՞ն արդյոք կառուցապատողներ, այո»,- նշեց Արթուր Մեսչյանը:

Նա նշեց, որ 3 տարբեր կառուցապատողների հետ են աշխատում: Աջափնյակի մետրոպոլիտենի կայարանի կառուցապատողին արտոնություն է տրվելու «Թումոյի» շրջակայքում՝ մետրոպոլիտենի վրա, մեծ մոլ կառուցելու համար, որի առաջին հարկի մեջից է լինելու մետրոպոլիտենի կապը:

Քաղաքապետարանը զբաղվում է նաև ճոպանուղու կառուցման ծրագրով, որով նախատեսվում է թեթևացնել Նորք-Կենտրոն տրանսպորտային հոգսը։ Մեսչյանի խոսքով՝ սկզբնական շրջանում կապը լինելու է 2-րդ Մասիվից նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտի հանրակացարանների տարածքը՝ Աբովյանի պուրակի տարածքում: 

Ճոպանուղու ծրագիրը ևս կֆինանսավորվի ոչ բյուջետային միջոցներով՝ կառուցապատողների կողմից: Մեսչյանը կարծում է, որ մյուս տարվա ընթացքում գոնե սյունաշարը կկարողանան անել։

«Վագոնների քանակը պետք է այնքան լինի, որ ապահովի ուղեւորահոսքը: Վագոնիկները 32 տեղանոց են, այսինքն ավտոբուսներ են իրենց ծավալով: Պետք է այնպես անենք, որ կուտակումներ չունենանք ոչ ներքեւի, ոչ վերեւի կայարաններում»,-ասաց գլխավոր ճարտարապետը՝ նաև նշելով, որ Նոր Նորքի երկրորդ զանգվածում մոլ կկառուցվի, իսկ Աբովյանի պուրակից Մյասնիկյան պողոտա ընկած հատվածում՝ հյուրանոցային համալիր։

Անդրադառնալով քաղաքապետարանի վերաբերյալ վերջին օրերի ամենաքննարկվող թեմային՝ աշխատավարձերի բարձրացմանը, Մեսչյանը նշեց՝ իր աշխատակիցները նախատեսված աշխատաժամից ավելի են մնում, որովհետև աշխատանքի ծավալը մեծացել է 3 անգամ, իսկ աշխատակազմը մնացել է նույնը:

«Քաղաքապետի աշխատավարձը հավասար է շարքային ծրագրավորողի աշխատավարձին, այդտեղ պրոբլեմը ո՞րն է, ինչի մասին ենք մենք խոսում: Ոչ ոք մեզանից չի եկել քաղաքապետարան աշխատելու, որպեսզի հարստանա: Մենք փորձում ենք հնարավորին չափով օգտակար լինել քաղաքին»,- նշեց նա։

Ասուլիսի ընթացքում Մեսչյանն անդրադարձավ նաև ապօրինի շինարարության խնդրին՝ նշելով, որ այն իսկապես պակասել է։ «Թող իմանան շատ լավ, որ ի վերջո կընկնեն դիտակետի տակ և կունենան պրոբլեմ: Խնդրում եմ, մի՛ արեք, որովհետև խնդիր եք ունենալու և մեծ, իսկ խնդիրն այն է, որ քանդելու եք ինքներդ ձեր ձեռքով, ինչի՞ համար: Դիմեք մեզ, օրինական ճանապարհով եթե հնարավոր է, մենք ձեզ թույլատվությունները կտանք, գնացեք արեք»,-ասաց նա:

Մեսչյանը նաև նշեց, որ մեծացնում  են թաղապետերի լիազորությունները։

«Մոտ օրերս վարչական շրջաններն իրավասու կլինեն ավելացնել իրենց գործառույթը նրանով, որ իրենք պատասխանատու կլինեն ավտոտնակների, վարձակալությունների երկարացման, կրպակների, վարչական շրջանների այգիների համար: Ես ուզում եմ, որ վարչական շրջանների ղեկավարներն իսկապես ղեկավարեն իրենց շրջանը՝ ճարտարապետական այս ամբողջ հարթության մեջ», -նշեց Երևանի գլխավոր ճարտարապետը։

Մեսչյանը կարճ անդրադարձավ  նաև փողոցային առևտրի խնդրին։ «Եթե ես գիտեմ, որ մի կին գյուղից լոլիկ է բերել, վաճառում է ու դրանով պահում իր երեխային, ուրեմն իրա ցավը տանեմ: Եթե մի բան արգելում  եք, պետք է շանս տաք: Ուղղակի ասել` ո՛չ, չի՛ կարելի, հնարավոր բան չի: Այսօրվա քաղաքապետարանի բարդությունը սա է, որ մենք «ոչ» ասելուց փնտրում ենք ալտերնատիվը»,- ասաց նա:

Ըստ Մեսչյանի` առևտրային որոշակի գոտիներ են մշակվում Երևանի համար, որտեղ պետք է սեղանիկներ տեղադրվեն: «Փողոցային առևտուրը ոչ մի երկրում հնարավոր չէ վերացնել. ոնց էլ լինի տիկին Նաջարյանն իր վարունգը պետք է ծախի, ուղղակի դա պետք է արվի տրամաբանության մեջ: Երբ ասում են` փողոցում վաճառողի ձեռքից վերցնել ապրանքը, ո՞նց վերցնենք, գի՞ժ եք, էդ կնիկը հազիվ երկու մեշոկով, ծռմռված, ավտոբուսի մեջ եկել, հասել է քաղաք: Ու էդ ապրանքը պետք է ձեռքից վերցնե՞լ, դրանով նրան պատժե՞լ: Դուք ինչի՞ մասին եք խոսում»,- նշեց Երևանի գլխավոր ճարտարապետը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ