06  05  2019

Անչափահասների մոտ սառը զենք և կռփազենք կրելու տենդենց կա. Նելլի Դուրյան

Անչափահասների մոտ սառը զենք և կռփազենք կրելու տենդենց կա. Նելլի Դուրյան

Անչափահասների մոտ սառը զենք և կռփազենք կրելու տենդենց կա: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը.«Անչափահասներն իրենց մոտ դանակ են կրում և կռփազենք: Եթե, օրինակ`նախորդ տարվա առաջին եռամսյակում 24 անչափահասի մոտ է սառը զենք և կռփազենք հայտնաբերվել, ապա այս տարի 41 անչափահասի մոտ են դրանք հայտնաբերվել: Մենք երեխաների հետ աշխատանքներ ենք տանում այս ուղղությամբ՝ տեղեկացնելով, որ անթույլատրելի է դրա կրումը»,-ասաց նա:

Դուրյանը հայտնեց նաև, որ այս տարվա առաջին եռամսյակում անչափահասների շրջանում անօրինական զենք կրելու դեպքերն էլ 5-ով ավելացել են: Նրա խոսքով՝ այն, որ ավելի մեծ թվով անչափահասների մոտ է հայտնաբերվել սառը զենք և կռփազենք, դա նաև ոստիկանության ծառայողների տարած աշխատանքների արդյունքն է:

Նելլի Դուրյանը նաև անդրադարձավ անչափահասների կողմից իրականացվող հանցագործություններն և նշեց, որ անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազ են. «Նախորդ տարի անչափահասների կողմից իրականացվել է հանցագործության 66 դեպք, այս տարի 62: Նաև չորս ամսվա արդյունքներում է  նվազում աձանագրվել»:

Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ անչափահասների կողմից մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը նվազել են 3-ով, փոխարենը՝ աճել են գողության, խուլիգանության դեպքերը, անօրինական զենք կրելու դեպքերն աճել են հինգով, ավազակային հարձակման և կողոպուտի դեպք չի եղել:

Նելլի Դուրյանն անչափահասների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ հայտնեց , որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք  նվազել են 16 դեպքով. «Անչափահասների նկատմամբ Ֆիզիկական բռնության դեպքերը անցած տարվա երեք ամիսների ընթացքում կազմել են 22 դեպք, այս տարի՝ 10: Սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղած հանցագործությունները նախորդ տարի եղել է 19, այս տարի՝ 14: Ընտանիքում անչափահասի նկատմաբ բռնության դեպքերը նախորդ տարի եղել են երկուսը, այս տարի մեկը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ