23  04  2019

Պերճ Զեյթունցյանի հիշատակը կհավերժացվի հուշատախտակով



Երևանի ավագանին ապրիլի 23-ի նիստում որոշեց ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրել Կասյան փողոց հ. 3 հասցեում։

Միջնորդությունը ներկայացրել էին Պերճ Զեյթունցյանի ընտանիքի անդամները։

ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը ծնվել է 1938թ. Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1948թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: 1956թ. ավարտել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցը, 1963թ.՝ ՌԴ Պյատիգորսկի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը: 1965-1968թթ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975թթ.՝ հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986թթ.՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1986-1990թթ. զբաղեցրել է «Պիոներ» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը։ 1991-1992թթ. եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը: Հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, պիեսների, որոնց մեծ մասը պատմական է՝ «Արշակ Երկրորդ», «Մեծ լռություն», «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» և այլն: Նրա պիեսները բեմադրվել են Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում: Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են օտար լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն և այլն: Արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի, «Մովսես Խորենացի» մեդալի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանի, «Հայ արվեստի ասպետ» կոչմանը, «Ոսկե գրիչ» մրցանակի: Պերճ Զեյթունցյանը մահացել է 2017թ. Երևանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ