08 04 2019

40 վրան, 250 մահճակալ և 4000 ծածկոց՝ Երևանից Թավրիզ

40 վրան, 250 մահճակալ և 4000 ծածկոց՝ Երևանից Թավրիզ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից դեպի Իրան շարժվեց ջրհեղեղից տուժած ազգաբնակչությանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով մարդասիրական օգնության շարասյունը:

Օգնության խմբաքանակն Իրանի բարեկամ ժողովրդին տրամադրվել է Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակում՝ Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության միջոցով: Այն ներառում է 40 վրան, 250 մահճակալ և 4000 ծածկոց: Շարասյան ավարտական կետն Իրանի Թավրիզ քաղաքն է, որտեղ և խմբաքանակը կփոխանցվի Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությանը:

Միջոցառմանը ներկա էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ:

Բացման խոսքում նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը պատուհասած աղետն աննախադեպ էր իր չափերով և ծավալներով՝ շեշտելով, որ բնական տարերքի վտանգը դեռևս պահպանվում է և կարող է հասնել մայրաքաղաք Թեհրան:

Ֆելիքս Ցոլակյանն ընդգծեց, որ հայկական կողմն աղետից անմիջապես հետո իր ցավակցությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ պատրաստակամություն հայտնելով օժանդակել տուժածներին:

Մարտի 28-ին կայացավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ջրհեղեղից տուժած մարդկանց օժանդակելու համար բանակցել Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ:

«Նույնպիսի տրամադրվածություն կար նաև ռուսական կողմի մոտ, և՛ Ռուսաստանի և՛ Հայաստանի միջև գոյություն ունեցող պայմանագրի շրջանակում, օգտագործելով Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորությունները, մենք փորձում ենք փոքր-ինչ օգտակար լինել Իրանի Իսլամական Հանրապետությանը և հայտնում ենք մեր պատրաստակամությունը հետագայում նույնպես օգնության ձեռք մեկնելու կապակցությամբ»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց գործընթացին մասնակցած բոլոր կառույցներին և հաջողություն մաղթեց դեպի Իրան ուղևորվող ԱԻՆ աշխատակիցներին:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայաստանին «մարդասիրական զգացմունք ցուցաբերելու համար»:

«Այս օգնությունը մարդասիրության շատ խորհրդանշական նշան է»,- ասաց Սեյեդ Քազեմ Սաջադին:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր գոհունակությունը հայտնեց նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ համատեղ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ Ֆելիքս Ցոլակյանն ունի բավական մեծ փորձ և իր ավանդն է ներդնում երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համար:

Դեսպանը նշեց, որ անցած տարի Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության ղեկավարության՝ Հայաստան այցելության ընթացքում նախանշվեցին ակտիվ համագործակցության եզրերը՝ հույս հայտնելով, որ առաջիկա այցելությունների ժամանակ այս պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն:

«Հուսով եմ, որ մենք կկարողանանք զարգացնել հայկական և իրանական կողմերի՝ համապատասխան նախարարությունների միջև հարաբերությունները»,- ասաց Սեյեդ Քազեմ Սաջադին:

Դեսպանը նշեց, որ Հայաստանի և Իրանի մեջ գոյություն ունեցող հարաբերությունների վկայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած արդյունավետ այցն էր:

Իր խոսքը դեսպանը եզրափակեց հայերեն «Շնորհակալություն» արտահայտությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ