02 04 2019

Սպառազինության ու ռազմամթերքի առումով որակական փոփոխություններ ենք կրել. Գաբրիել Բալայան

Սպառազինության ու ռազմամթերքի առումով որակական փոփոխություններ ենք կրել. Գաբրիել Բալայան

Եկել ենք հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան գործողությունների զոհերի հիշատակին, ևս մեկ անգամ վերաիմաստավորելու նրանց գործած սխրանքը: Այս մասին ապրիլի 2-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը. «Պարտավորեցնող է բոլորիս համար, ամբողջ ՊՆ-ի, զինված ուժերի, հայ ժողովրդի համար, որ միշտ հիշենք և մեզ օրինակ ծառայի այն սխրանքը, որ կատարել են մեր զինծառայողները: Կարծում եմ՝ որոշակի առումով այս օրն ունի ամբողջ հայ ժողովրդին համախմբելու խորհուրդ, ևս մեկ անգամ պատրաստ լինելու ցանկացած զարգացման և դիմագրավելու այն մարտահրավերները, որոնք ունենք»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ մարտահրավերների որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել: «Կարող է մի փոքր ավելի կամ նվազ լարվածություն լինել, բայց դա ոչ մի կերպ այսօր չի ազդում զինված ուժերի մարտունակության վրա»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ դասեր ենք քաղել, ինչքանո՞վ ենք պատրաստ պատերազմին, քանի որ ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ հայկական զինանոցը մերկ էր, Բալայանը պատասխանեց. «Ես չեմ կարող կիսել կարծիքը, թե հայկական զինանոցը մերկ էր, որովհետև մենք պարտվողի կարգավիճակով դուրս չենք եկել քառօրյա պատերազմական գործողություններից:  Վերջին մի քանի տարիների ընթացքում կարողացել ենք բավականաչափ լրացնել և՛ մեր զինանոցը, և՛ մարտական պատրաստության աստիճանը: Այն բերել ենք շատ ավելի զգոն վիճակի, արդեն սկսել ենք այն փուլը, որ քանակականը փոխարինում ենք որակականով: Այս ընթացքում ինչպես մարտական պատրաստվածության առումով, այնպես էլ սպառազինության ու ռազմամթերքի առումով որակական փոփոխություններ ենք կրել»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ