23 03 2019

Սերգեյ Համբարձումյանը դեմ է Երևանի գեղասահքի դպրոցի վերանվանմանը. NEWS.am

Սերգեյ Համբարձումյանը դեմ է Երևանի գեղասահքի դպրոցի վերանվանմանը. NEWS.am

Երևանի քաղաքապետարանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի նախաձեռնությունը, որն առնչվում է Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի վերանվանմանը, արդեն գրեթե մեկ ամիս արծարծվում է հայկական լրատվամիջոցներում: Ինչպես հայտնի է, այս նախաձեռնության պատճառը Բաքվում Ռոդնինայի կատարած հայտարարություններն էին: Մարտի 23-ին քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Անի Խաչատրյանի նախաձեռնությունը կքննարկվի ավագանու մարտի 26-ի նիստում: Ընդ որում՝ որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով անձամբ Խաչատրյանին, հայտնել էին, որ դպրոցի հիմնադիր, «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, բարերար Սերգեյ Համբարձումյանն իբր դեմ չէ այս որոշմանը:

NEWS.am-ին հաջողվել է զրուցել «Մոնարխ» ընկերությունների խմբի իրավաբանական հարցերով և տնտեսական անվտանգության պատասխանատու Արմեն Գինոսյանի հետ, որն այս կապակցությամբ ծայրահեղ տարակուսանք է հայտնել: Նա նշել է, որ դեռևս մի քանի օր առաջ Անի Խաչատրյանն իր հետ հեռախոսով քննարկել է հնարավոր վերանվանման հարցը և տեղեկացրել, որ Համբարձումյանը կտրականապես դեմ է վերանվանմանը և չի պատրաստվում իր դիրքորոշումը փոխել. «Անչափ տարօրինակ է, որ Խաչատրյանը հայտարարում է Համբարձումյանի համաձայնության մասին, քանի որ զրույցի ժամանակ ես միանշանակ հայտարարեցի, որ մենք դեմ ենք»:

NEWS.am-ին հաջողվել է կապ հաստատել նաև անձամբ Սերգեյ Համբարձումյանի հետ: «Այո, ես կտրականապես դեմ եմ դպրոցի վերանվանմանը: Դպրոցը Երևանին է նվիրվել արդեն Իրինա Ռոդնինայի անվան շնորհմամբ, և սա հայտնի փաստ է: Ռոդնինան, չնայած ինձ համար անընդունելի հայտարարություններին, որ կատարել է Բաքվում, մնում է լենգենդար մարզիկ, և ես մտադիր չեմ մոռացության մատնելու նրա վաստակը, բարեկամական հարաբերությունները և հայ երեխաներին իր վարպետությունը սովորեցնելու նրա անկեղծ պատրաստակամությունը: Միաժամանակ, ես Իրինա Կոնստանտինովնային փոխանցեցի նյութեր՝ Բաքվում նրա արծարծած պատմական իրադարձությունների վերաբերյալ և հույս ունեմ, որ նրան հասցրեցի դրանց մասին ճշմարտությունը»,- նշել է Համբարձումյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ