22  03  2019

Ազատության հրապարակի ստորգետնյա կայանատեղին կհիմնանորոգվի

Ազատության հրապարակի ստորգետնյա կայանատեղին կհիմնանորոգվի

Երևանի ավագանին մարտի 22-ի արտահերթ նիստի ժամանակ քննարկեց Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիի աշխատանքների կազմակերպումը հանձնել հավատարմագրային կառավարման:

Նախատեսվում է նաև ամբողջությամբ արդիականացնել լուսավորության համակարգը և ավտոկայանատեղիի զբաղվածությունը զգալիորեն մեծացնել: Հավատարմագրային կառավարման տրամադրման արդյունքում նախատեսվում է բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ներդնել զեղչային համակարգ, լայնորեն կիրառել էլեկտրոնային վճարման եղանակները, առաջարկել երկարաժամկետ և/կամ մեծ թվով մեքենաներ ունեցող բաժանորդների համար նախատեսված վճարային փաթեթներ:

Ըստ որոշման, կթույլատրվի Երևանի քաղաքապետին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել մրցույթ՝ Երևան համայնքի սեփականություն համարվող Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ:

Որոշման նախագիծն ընդունվեց 40 կողմ և 6 ձեռնպահ ձայներով:

Նշենք, որ մրցույթի հաղթողին որոշելու նպատակով հետևյալ էական պայմաններն են սահմանվում

 . Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո հավատարմագրային կառավարչի գործունեությունից առաջին, երկրորդ և երրորդ տարիների ընթացքում առաջացած շահույթից Երևան համայնքի մասնաբաժնի հետևյալ նվազագույն չափերը. Ա. Առաջին տարին՝ յոթանասունյոթ միլիոն դրամ. Բ. Երկրորդ տարին՝ ութսունհինգ միլիոն դրամ. Գ. Երրորդ տարին՝ հարյուր միլիոն դրամ:

. Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո հավատարմագրային կառավարչի գործունեության չորրորդ և հետագա տարիներին տարեկան շահույթից Երևանի քաղաքապետարանի մասնաբաժնի հետևյալ նվազագույն չափը. Ընդհանուր շահույթի առնվազն հիսուն տոկոսը, բայց ոչ պակաս, քան հարյուր միլիոն դրամ:

. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Երևան համայնքի անունից մրցույթում հաղթող ճանաչված հավատարմագրային կառավարչի հետ կնքել հավատարմագրային կառավարման պայմանագիր, 10 տարի գործողության ժամկետով` հանդես գալով որպես հավատարմագրային կառավարման հիմնադիր:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ