12 02 2019

Օդանավի ուղևորների մասին ՀՀ պետական մարմինները նախապես կիրազեկվեն

Օդանավի ուղևորների մասին ՀՀ պետական մարմինները նախապես կիրազեկվեն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչությունը 2018թ. հանդես է եկել Հայաստանում օդային ճանապարհով ուղեւորվող անձանց մասին նախնական տեղեկատվության փոխանակման (API/PNR) համակարգերի ներդրման նախաձեռնությամբ: Բազմակողմանիորեն ուսումնասիրվել է համակարգերի ներդրման միջազգային լավագույն փորձն ու պատրաստվել ծրագրի ներդրման նախագիծ: Աշխարհում ավելի քան 60 երկիր կիրառում են API/PNR համակարգերը: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։

Օդանավակայաններում մեծ ուղեւորահոսքերի արդյունավետ կառավարման նպատակով Համաշխարհային մաքսային կազմակերպության, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության եւ Միջազգային օդային փոխադրումների ասոցիացիայի կողմից մշակված API (ուղեւորների նախնական տեղեկատվության) եւ PNR (ուղեւորների տվյալների գրանցման) համակարգերը թույլ են տալիս սահմանային հսկողություն իրականացնող մարմիններին նախքան ուղեւորների ժամանումը նրանց մասին ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ստուգման գործընթացում ռիսկերի կառավարումն առավել թիրախային դարձնելու նպատակով:

Համակարգերի ներդրումը Հայաստանում կնպաստի անվտանգության մակարդակի բարձրացմանը, ռիսկերի թիրախային գնահատմանը, օդանավակայաններում ցածր ռիսկային ուղեւորների հոսքի թեթեւացմանը եւ վերջիններիս ուղեբեռների ստուգման ժամանակահատվածի նվազեցմանը:

ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչը հունվարի 20-23-ը մասնակցել է Բրյուսելում կայացած Համաշխարհային մաքսային կազմակերպության, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության եւ Միջազգային օդային փոխադրումների ասոցիացիայի API/PNR հաղորդակցության կոմիտեի 23-րդ հանդիպմանը:

Քննարկվել են ծրագրի ներդրման ուղեցույցները, առաջարկվող փոփոխությունները եւ մարտահրավերները: ՀՀ-ում API/PNR համակարգերի ներդրման նպատակով անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր՝ նոր իրավական ակտերի ընդունման կամ արդեն իսկ գործող իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու միջոցով, մասնավորապես՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական ակտերի առումով:

Ներկայում այդ նպատակի իրականացման համար աշխատանքներ են տարվում միջգերատեսչական համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու ուղղությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ