09 02 2019

Ամանորի գիշերը զինվոր է զոհվել․ ՊՆ-ն ու ՔԿ-ն դեպքի մասին չեն հայտնել․ Tert.am

Ամանորի գիշերը զինվոր է զոհվել․ ՊՆ-ն ու ՔԿ-ն դեպքի մասին չեն հայտնել․ Tert.am

Tert.am-ի տեղեկություններով՝ ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքում տեղադրված չէ:

Այս առնչությամբ պարզաբանում, ինչպես նաև տեղեկություն ստանալու համար կայքը գրավոր հարցումներ է ուղարկել համապատասխան կառույցներին:

Պաշտպանության նախարարությունից այն հարցին, թե ինչու ՊՆ-ն չի հայտնել դեպքի մասին, ի՞նչ հանգամանքներում է գրանցել զինծառայողի մահը, պատասխանել են.

«2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»:

ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի  110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:

ՊՆ-ից առաջարկել են լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քրեական վարույթ իրականացնող մարմնին:

  ՊՆ-ին հարցում ուղարկելուն զուգահեռ կայքը գրավոր հարցում է ուղարկել նաև վարույթն իրականացնող Քննչական կոմիտեին:

ՊՆ-ն չի պատասխանել հարցին, թե ինչու այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնել:

Ինչպես հաղորդվում է, պայմանագրային զինծառայողը երեք երեխայի հայր էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ