15 01 2019

Ոստիկանությունը թաքցրել է Ջերմուկում բախումների տեղեկությունը․ 168․am

Ոստիկանությունը թաքցրել է Ջերմուկում բախումների տեղեկությունը․ 168․am

168.am-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ հետտոնական օրերը բոլորովին տոնական չեն անցել Ջերմուկում և հարակից Կեչուտում: Այստեղ ընդհարումներ են տեղի ունեցել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների և հանքի ճանապարհները փակած խմբի միջև: Մեր աղբյուրների համաձայն, նույնիսկ դանակահարության դեպք է եղել, ու այս մասին, զարմանալիորեն, ոչ մի հաղորդագրություն չկա ոստիկանության կողմից:

Ինչպես հայտնի է՝ մի խումբ մարդիկ ամառվանից ի վեր փակել են Ամուլսար տանող ճանապարհները, և դեռևս չշահագործվող հանքում ամիսներ շարունակ դադարեցվել են շինարարական աշխատանքները: Աշխատանքից ազատվել է 1000-ից ավելի մարդ:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը  խոշոր ներդրողի հանդեպ այս, ըստ էության, դիվերսիային որևէ կերպ չի արձագանքում, որևէ որոշում չի կայացնում արդեն ավելի քան 7 ամիս:

Ջերմուկում 168.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Ամուլսարում աշխատանքների դադարեցման հետևանքով Ջերմուկում և հարակից համայնքներում սկսվել է արտագաղթ, փակվում են փոքր բիզնեսները, պակասել է առևտուրը խանութներում:

Նույնիսկ ճանապարհ փակողների մի մասն այս ամենի հետևանքով դադարել է մասնակցել ճանապարհների փակմանը: Ջերմուկում մեր աղբյուրները նշում են, որ մի քանիսը, ովքեր «հրահանգված են» չազատել ճանապարհները, դեռևս շարունակում են խոչընդոտել աշխատանքների վերսկսմանը:

Անաշխատանք մնացած համայնքի բնակիչները «ռազբորկայի» են գնացել այս խմբի հետ: Արդյունքում՝ տեղի են ունեցել բախումներ, կան տուժածներ: Ոստիկանության կողմից, սակայն, այս մասին որևէ բան չի հաղորդվել:

Մեր տեղեկություններով՝ ոստիկանությունը նաև չի միջամտել ու չի կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջև բախումները, չի ձերբակալել պատասխանատուներին:

Դիմեցինք «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ խնդրելով պարզաբանել միջադեպի մասին մեր տեղեկությունները: Ընկերությունից հրաժարվեցին անդրադառնալ միջադեպին, ասացին միայն, որ  տարածքում արդեն 7 ամիս շարունակվող ապօրինության վերացումը պատկան մարմինների գործառույթն է:

Ամուլսարի շուրջ ամիսներ ձգվող այս անհեթեթ իրավիճակը և կառավարության անգործությունը լրջագույն հարված է հասցնում երկրի հեղինակությանն ու տնտեսությանը, ու նաև վտանգավոր զարգացումների է հանգեցնում այս համայնքներում: Արդյոք  ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը վերջապես ժամանակ ու համարձակություն կգտնի՞ զբաղվելու երկրի այս պահի ամենալուրջ խնդիրներից մեկով, դժվար է ասել: Չնայած արդեն համոզվել ենք, որ Նիկոլ Փաշինյանի համար իր կուսակիցների հետ խաշ ուտելու թեման ֆեյսբուքյան ուղիղ եթերով քննարկելն ավելի կարևոր է, քան երկրում առկա հրատապ սոցիալ-տնտեսական խնդիրները, քաղաքացիներին մտահոգող կենսական հարցերը։

Այն հանգամանքը, որ ոստիկանությունը փութաջանորեն թաքցրել է համայնքում տեղի ունեցած բախումների մասին տեղեկատվությունը, գլուխը հողի մեջ թաքցնելու և Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի իրական մեղավորներին հովանավորելու քաղաքականության տպավորություն է թողնում»։

Ոստիկանությունն այս առնչությամբ պարզաբանում է հրապարակել։

2019 թ. հունվարի 5-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ բնապահպան-ակտիվիստների եւ հանքավայրի աշխատակիցների միջեւ առկա է լարվածություն եւ հնարավոր է տեղի ունենա վիճաբանություն: 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 5-ին Ջերմուկում կողմերի միջեւ տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում որոշակի պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել: Միեւնույն ժամանակ կողմերի միջեւ վիճաբանության, կռվի, կամ բժշկական կենտրոններից մարմնական վնասվածքով բուժօգնության դիմածների կամ տեղափոխվածների վերաբերյալ ահազանգ կամ հաղորդում ոստիկանությունում չի ստացվել:

Նշենք, որ 2018 թվականի  մայիսից Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչներ ի նշան «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի, արգելափակել են դեպի հանքավայր տանող ճանապարհները եւ ընկերության աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել տարածք:

Բախումներ թույլ չտալու նպատակով ոստիկանության ծառայողները մշտապես իրականացրել եւ իրականացնում են ամենօրյա միջոցառումներ, ոստիկանության բաժին են հրավիրվում ինչպես բնապահպան-ակտիվիստներ, այնպես էլ կապալառու կազմակերպության աշխատակիցներ, տարվում են համապատասխան բացատրական աշխատանքներ եւ տարածքում պահպանվում է հասարակական կարգը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ