10  01  2019

Երևանի քաղաքապետարանը կոպիտ խախտումներով 31 շինթույլտվություն է տվել

Երևանի քաղաքապետարանը կոպիտ խախտումներով 31 շինթույլտվություն է տվել

2018 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է 31 շինարարության թույլտվություն՝ ժամկետների կոպտագույն խախտումներով։ Այս մասին հայտարարություն է տարածել ավագանու անդամ Անի Սամսոնյանը:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ yerevan.am-ում կա պատուհան՝ Doing Business 2018 և բաժին՝ Տեղեկություններ II կատեգորիայի օբյեկտների համար տրված քաղաքաշինական թույլտվությունների տևողությունների վերաբերյալ:

 Նշեմ, որ «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով Թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած Ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության 19 մարտի 2015 թվականի N 596-Ն որոշման 98-րդ կետի համաձայն․

 «Կառուցապատողը, նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվության ստացման նպատակով դիմում է (N 2 հավելվածի N 2-1ձև) իրավասու մարմին՝ կցելով շինարարության թույլտվության (իսկ սույն կարգի 116-րդ կետով նախատեսված դեպքերում` նաև քանդման թույլտվության) տեղական տուրքը վճարելու մասին անդորրագիրը (անդորրագրերը), նախագծային փաստաթղթերը (երկու օրինակից), փորձաքննության դրական եզրակացությունը (եզրակացությունները) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը, ինչպես նաև սույն կետում նշված ձևաթղթում ներկայացված այլ տեղեկություններ»:

 Նույն որոշման 100-րդ կետի համաձայն՝ Իրավասու մարմինը համաձայնեցնում է նախագծային փաստաթղթերը և միաժամանակ տալիս է շինարարության թույլտվությունը՝ սույն կարգի 98-րդ կետում նշված դիմումն ստանալու օրվանից`

1) II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար`

 ա. 3-օրյա ժամկետում` բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կամ սերտիֆիկացված նախագծերի տեղակապման դեպքում,

 բ. 5-օրյա ժամկետում` սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ չնշված օբյեկտների դեպքում։

 Ուսումնասիրելով դիմումների մուտքագրման և շինթույլտվությունների տրամադրման ժամկետները՝ պարզվում է դրանց միջև ժամանակահատվածը գերազանցում է օրենքով սահմանված ժամկետները, ընդհուպ հասնելով մինչև 30 օրվա։

Շահառուներին շինարարության թույլտվությունների տրամադրման ժամկետների այս կոպտագույն խախտումները խիստ վնասում են Երևան քաղաքի բիզնես վարկանիշին, որը կարող է պատճառ դառնալ Doing Business-ի ցուցանիշների անկմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ