06 01 2019

Մահացել է ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը

Մահացել է ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը

Կյանքից հեռացել է «Դրոյի» գործով ցմահ դատապարտված Արմենակ Մնջոյանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

«Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը մահացավ։ Ցավակցում ենք ընտանիքին և հարազատներին։ Այս մահը ևս իշխանությունների խղճին մնաց։ Ինչո՞ւ չազատեցին գոնե նրանց, ում 20 տարվա շեմն արդեն հատել էր։ Ինչ հույս ու հավատով էին լցված հեղափոխական իշխանության հանդեպ ցմահ դատապարտվածները և ինչ հիասթափություն ապրեցին ամիսներ անց։ Ինչպես կարելի էր այս աստիճան թքած ունենալ մարդկանց վրա, անտեսել նրանց խնդիրները և հանգիստ նայել, թե ինչպես են նրանք մահանում։

Վերջին համաներումից առաջ զրուցել եմ Արմենակ Մնջոյանի հետ, ես հավատում էի, որ նրանց վրա էլ է տարածվելու համաներումը, բայց նա համոզված էր, որ չի տարածվելու։ Մնջոյանը խորաթափանց էր և ավելի լավ գիտեր իշխանության բնույթը»,-գրել է Ժաննա Ալեքսանյանը։

Արմենակ Մնջոյանը ձերբակալվել էր 1995 թվականին «Դրոյի» գործով և 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ 103-Ա հրամանագրով Արմենակ Մնջոյանին շնորհվել էր ներում` մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ