19 12 2018

Վտանգված է «Կենտրոն» ՀԸ խմբագրական անկախությունը․ հայտարարություն

Վտանգված է «Կենտրոն» ՀԸ խմբագրական անկախությունը․ հայտարարություն

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել «Կենտրոն» ՀԸ կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական և եթերային քաղաքականության որոշ դրսևորումների կապակցությամբ: 

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը իր մտահոգությունն է հայտնում «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական և եթերային քաղաքականության որոշ դրսևորումների կապակցությամբ: Սույն թվականի դեկտեմբերի 10-17-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերության մի շարք հաղորդումներ, հատկապես` «Էպիկենտրոն» և «Անդրադարձ» տեղեկատվական ծրագրերը հետևողականորեն և անթաքույց թիրախավորել են գործող քաղաքական ուժերից մեկին, օգտագործելով քարոզչական և մանիպուլյատիվ հնարքների հարուստ զինանոցը:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ հանրային թվային տիրույթում գործելու լիցենզիա ստացած հեռուստաընկերությունները պարտավորություն են ստանձնել արտացոլել հանրային շահերի բազմազանությունը, ապահովել գաղափարների և կարծիքների, անկողմնակալ տեղեկատվության ազատ շրջանառությունը՛ պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները:

Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման տվյալները նաև ցույց են տալիս, որ վտանգված է օրենսդրությամբ երաշխավորված «Կենտրոն» հեռուստաընկերության խմբագրական անկախության և ազատ գործելու իրավունքը, ակներև զգացվում է քաղաքական մեկ ուժի և նրա ղեկավարի միջամտությունն ու թելադրանքը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կոչ է անում «Կենտրոն» հեռուստաընկերության ղեկավարությանը պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի և «միջկուսակցական պատերազմների» կողմնակալ մասնակցի, մնալ անաչառ տեղեկատվության և նորությունների հեղինակավոր աղբյուր:

Հանձնաժողովը համոզված է, որ Հայաստանի յուրաքանչյուր վերգետնյա հեռարձակող գիտակցում է իր սոցիալական պատասխանատվությունը, որը վեր է կուսակցական և անձնական շահերից»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ