04 12 2018

Քանի դեռ ԱԱԾ-ն իմ հետևից չի եկել, որոշեցի հանրագումարի բերեմ ազգային անվտանգության ոլորտում Փաշինյանի արածը

Քանի դեռ ԱԱԾ-ն իմ հետևից չի եկել, որոշեցի հանրագումարի բերեմ ազգային անվտանգության ոլորտում Փաշինյանի արածը

Երևի շատերդ ուշադրություն դարձրեցիք, որ Գորիսում ունեցած ելույթում, մեր հարգարժան վարչապետի պաշտոնակատարը սպառնաց ԱԱԾ-ն ուղարկել բոլոր նրանց հետեւից, ովքեր կասկածի տակ են դնում Արցախի և ընդհանրապես ազգային անվտանգության հարցով իր գործունեությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Քանի դեռ ԱԱԾ-ն իմ հետեւից չի եկել, ես որոշեցի հանրագումարի բերեմ կառավարման յոթ ամիսների ընթացքում ազգային անվտանգության բնագավառում Նիկոլ Փաշինյանի հիմնական ձեռքբերումները եւ բացթողումները։ Քանի որ սա տարողունակ ոլորտ է, կենտրոնանամ միայն խոշոր հարցերի վրա։ 

Սկսեմ ձեռքբերումներից։ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Դուշանբեում հանդիպումից հետո, սահմանային լարվածությունը նվազել է, և այս տարի մարտական կորուստները զգալիորեն պակասել են։ Պետք է նկատել սակայն, որ սա տեղի է ունեցել ընտրություններից հետո բանակցությունների վերսկսման խոստման դիմաց, այլապես Ադրբեջանը որևէ պատճառ չունի իրեն խաղաղ պահելու, իսկ թե ինչ է խոստացվել Ադրբեջանին, ոչ ոք մեզնից չգիտի։

Անցնեմ բացթողումներին, դրանց ցուցակը ավելի երկար է։ 

Այս տարի Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը հայտնվեց ձախողման եզրին, եւ միայն ՊՆ եւ ԱԳՆ հերոսական ջանքերը հնարավորություն տվեցին տարվա վերջում նորմալացնել իրավիճակը։ Դեռ տարվա սկզբին հաստատված 100 մլն դոլարի վարկային պայմանագիրը ռուսական կողմը առկախել էր, եւ այս տարի նախատեսված ծանր սպառազինությունների մատակարարումները լավագույն դեպքում կսկսվեն հաջորդ տարի, դա արդեն իր ելույթում հաստատեց Պաշտպանության նախարարը։ Ընդ որում, դա մենք արել ենք Սիրիա ռուսական հովանու ներքո զորախումբ ուղարկելու գնով, մի քայլ, որը խիստ կասկածելի է, եւ կարող է մեզ ներքաշել անցանկալի խնդիրների մեջ այդ հակամարտության մյուս կողմերի հետ։

ԱՄՆ Նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Բոլթոնի այցելությունը եւ նրա հնչեցրած ագրեսիվ հռետորաբանությունը ցույց տվեց, որ մենք պատճաշ չէինք աշխատել այս գործընկերոջ հետ, եւ արդյունքում հերթական անգամ լարվածություն ստացանք Ռուսաստանի և Իրանի հետ։ Ինչը սակայն շատ ավելի վատ էր՝ Նիկոլ Փաշինյանը այցի արդյունքներով հայտարարեց, որ առաջիկայում Իրանի հետ սահմանը կարող է փակվել, եւ դա մեր նկատմամբ մշտապես բարեկամաբար տրամադրված Իրանի հետ հարաբերությունները փչացնելու բացարձակ անմիտ քայլ էր՝ մանավանդ եթե հիշենք, որ Իրանը մեր սահմանը չէր փակել նույնիսկ Արցախյան պատերազմի տարիներին, երբ իր վրա հսկայական ճնշում կար։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու առաջին իսկ օրերից, իր հեղափոխական կոալիցիային մարտնչող թևը հակաբանակային կոշտ արշավ սկսեց, քողարկելով այն հակակոռուպցիոն հռետորաբանույթամբ։ Այդ հիմա է, որ Նիկոլը ջանք չի խնայում բանակի նկատմամբ ռեւերանսներ անելուց, սակայն առաջին մի քանի ամիսը իրենց ամբողջ կյանքը երկրի պաշտպանությանը նվիրած, հաճախ շատ ծանր կյանքով ապրող մարդկանց համար պարզապես սարսափ էր, ամեն սպա դարձել էր լկտի աշխուժակների թիրախ։ Թե բանակի մարտունակության վրա դա ինչպես է անդրադարձել, ժամանակը ցույց կտա, բայց դառը նսվածքը հաստատ մնացել է։ 

ՀԱՊԿ-ի մեր առանց այդ էլ կասկածելի գործընկերների հետ մենք անիմաստ խնդիր ստեղծեցինք Խաչատուրովի սկանդալային հետկանչով։ Այնպես չէ, որ մինչ այդ շատ լավ էինք Բելառուսի եւ Ղազախստանի հետ, բայց հիմա նաեւ առիթ տվեցինք մեր վրա հոխորտալու, Ռուսաստանի ու մեր սեփական հեղինակությունն էլ անիմաստ դրեցինք հարվածի տակ։ 

Նախիջեւանի սահմանում հակառակորդը մոտ 20 կմ երկարությամբ հատվածում գարնանը դիրքերը առաջ բերեց։ Կարելի է պնդել, որ դա տեղի է ունեցել հեղափոխության շրջանում, եւ ոչ ոք հատուկ մեղավոր չի։ Սակայն հետագա ամիսներին հակառակորդը հետեւողականորեն այդ դիրքերը ամրապնդեց, առանց մեր կողմից նախաձեռնողական հակազդեցության, եւ հիմա ամրապնդվել է նոր, մեզ համար վտանգավոր բնագծում, կրակի տակ պահելով նախկինում անվտանգ Արենի եւ Զանգակատուն գյուղերը, եւ հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհը։ 

Թուրքական սահմանում, ռուսաստանյան սահմանապահներին հանելու անիմաստ խոսակցությունների ֆոնի վրա, կտրուկ ավելացել են սահմանախախտման դեպքերը, թեեւ մինչեւ վերջ պարզ չի, թե որքանով է թուրքական պետությունը խրախուսում դա։

Տարվա համագումարում, մենք եւ ոչ մի աշխարհաքաղաքական ուժի կենտրոնի հետ իրատեսորեն չենք բարելավել մեր հարաբերությունները, բանակի սպառազինության արդիականացման հարցում նորից սկսել ենք հետ ընկնել Ադրբեջանից, տարածաշրջանում կուտակվող լարվածության ֆոնին կատարում ենք քայլեր, որոնք մեզ անիմաստ վտանգների տակ են դնում։ Կարող եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը անփորձ էր այս հարցերում, եւ սխալները անխուսափելի էին։ Գուցե, բայց ինչ երաշխիք կա, որ նա այս սխալներից համապատասխան դասեր է առել, եւ ընտրություններից հետո նորից դառնալով վարչապետ, էլ ավելի մեծ սխալներ թույլ չի տա։ Գուցե նաեւ ես կանխակալ եմ, ուստի կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանի աննկուն նվիրյալներին իրենց հակափաստարկները ներկայացնել, ոչ թե վախեցնել մեզ ԱԱԾ-ով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ