30 11 2018

Սահմանամերձ զորամասերում տարբեր մասնագիտություններով զինծառայողներ են պետք. ՊՆ

Սահմանամերձ զորամասերում տարբեր մասնագիտություններով զինծառայողներ են պետք. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն ԶՈՒ սահմանամերձ զորամասերում`  ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու /ականանետի/, ավագ վարորդ /B,C,D/, վարորդ /B,C/, ավագ խոհարար, խոհարար և դիզելավար-էլեկտրամեխանիկ մասնագիտություններով: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարությունից:

ՀՀ  զինված ուժերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համալրումն իրականացվում է «Զինվորական ծառայության  և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար կարող են դիմել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և պահեստազորում հաշվառված արական սեռի և, անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, իգական սեռի մինչև 36 տարեկան քաղաքացիները: Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել քաղաքացին, ով. - օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն,

- ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ ունի չհանված կամ չմարված դատվածություն,

- ով առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար: Պայմանագրային զինծառայություն անցնելու համար պետք է դիմել համապատասխան զորամասերի հրամանատարությանը կամ տարածքային զինկոմիսարիատներ: Պայմանագրային զինծառայության անցնելու պահանջներին համապատասխանելու դեպքում «Զինվորական ծառայության  և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով քաղաքացու հետ կնքվում է պայմանագիր` երեք տարի ժամկետով:

Պայմանագրային զինծառայողն իրավունք ունի օգտվելու  ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների համար նախատեսված բոլոր արտոնություններից, երաշխիքներից և փոխհատուցումներից: Շարքային կազմի պայմանագրային զինծառայողի միջին աշխատավարձը կազմում է 105 հազար ՀՀ դրամ /առանց եկամտահարկի/: Մարտական հերթապահությամբ պայմանավորված` պայմանագրային զինծառայողներին տրվում է նաև մինչև 60 հազար ՀՀ դրամ հավելավճար:

Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել տարածքային զինկոմիսարիատներ:     

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ