27 11 2018

Ադրբեջանական գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացին նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանական գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացին նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին

2014 թվականի դեկտեմբերի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը հատելուց հետո գերության մեջ հայտնված ՀՀ ԶՈւ-ի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ադրբեջանական բանտից դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով անդրադառնալ երկար ժամանակ մամուլում քննարկվող գերիների փոխանակման մասին հնչող առաջարկին: Haqqin.az-ի հրապարակած նամակում Բաղդասարյանը «մարդասիրություն» է հայցել Նիկոլ Փաշինյանից, ինչպես նաև այն անձանցից, որոնց պետք է խնդրի տեղ հասցնել թղթի վրա շարադրած իր «հոգու ճիչը»: Դիմելով երկու երկրների մտավորականությանը՝ գերին նրանց ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ուղղիչ հիմնարկներում գտնվում են մարդիկ, որոնք տառապում են հարազատների և մտերիմների հետ բաժանությունից: «Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ կցանկանայի խնդրել հնարավորինս կարճ ժամկետներում քայլեր ձեռնարկել սեփական ժողովրդի փրկության համար», - դիմել է Բաղդասարյանը նշելով, որ ինքը հրաժարվում է հավատալ, որ իրավիճակը, որում ինքը հայտնվել է, անդառնալի է:

Նամակում նշվում է, որ ինքը, անցնելով բազմաթիվ տառապանքների միջով, «պատկերացնում է, թե ինչ են վերապրում Հայաստանում գտնվող ադրբեջանցիները»: «Հարգելի վարչապետ, եթե Դուք իսկապես հոգ եք տանում սեփական ժողովրդի մասին՝ խնդրում եմ Ձեզ համաձայնության գալ Ադրբեջանից Ձեր հակառակորդների հետ երկու երկրներում տառապող մարդկանց հարցի շուրջ:

Ներողություն եմ խնդրում, եթե իմ դիմումի մեջ անցել եմ դիվանագիտական արարողակարգի թույլատրելի նորմերը», - գրել է Բաղդասարյանը:

Նշենք, որ ադրբեջանական կողմը Բաղդասարյանին մեղադրել է դիվերսիոն փորձի համար՝ պնդելով, որ այն կազմակերպված է եղել Արցախի ՊՆ-ի կողմից:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ