24 11 2018

Հովհաննես Գալստյանը հացադուլ կանի

Հովհաննես Գալստյանը հացադուլ կանի

Նոյեմբերի 23-ին, «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի համառեժիսոր և համապրոդյուսեր, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության և «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել էր, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ քննիչ հանձնաժողովի անդամների գլխավորությամբ իր «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ընկերության դեմ իրավական գործընթաց սկսելու որոշում է կայացրել.

«Այս որոշմանը նախորդել է մի քանի շաբաթ առաջ մեր ընկերության կողմից կինոկենտրոնի դեմ դատական հայցի ներկայացումը՝ «Տատիկիս Վարսերը» ֆիլմի արտադրությանը 2016-2018թթ-ին ֆիլմի ընդհանուր բյուջեի 30% չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու իր ստնձնած արտավորությունը չկատարելու պատճառով»,- գրել էր Հովհաննես Գալստյանը:

Հիշեցնենք, որ խնդիրը վերաբերում է «Տատիկիս վարսերը» կինոնախագծից 2017 թվականին Մշակույթի նախարարության և Ֆիլմ հանձնակատարի կողմից շորթված 7 մլն դրամին և ՀՀ մշակույթի նախարարության կողմից ֆիլմի գերմանացի և բուլղարացի արտադրողների՝ նույն գումարի վերադարձի մասին նամակներին չպատասխանելուն, ինչի մասին 168.am-ը գրել էր դեռ ամռանը:

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, պարոն Գալստյանը նոր գրառում է կատարել, որում հայտնել է դեկտեմբերի 3-ին հացադուլ սկսելու մասին.

«Այս պահին միակ բանը, որ հացադուլի հետ կապված ինձ մտահոգում է, վրանի բացակայությունն է։ Բայց ես չեմ կասկածում մեր ազգի առաքինությունների վրա։ Կարող եմ անձրևանոցով սկսել, վստահաբար մի քանի ժամ հետո կհայտնվեն մարդիկ, որ ինձ համար վրան կբերեն։ Ահա այս մարդիկ են իմ հույսը»:

Հովհաննես Գալստյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սիրելի Վահան, Լևոն, Պարույր, Նունե, Վիվյեն, Սուսաննա, Արփինե, Անուշիկ, Հասմիկ, Անի, Նիկոլայ, Միհրան, Աշխեն․․․ բոլորի անունները կուզեի գրել, որովհետև հաճելի հնչողությամբ, ինձ համար բացառիկ մարդկանց անուններ են։ Շնորհակալ եմ, որ գրում եք՝ կարիք չկա ծայրահեղ քայլերի դիմելու։ Ես էլ եմ մտահոգ, հացադուլը ռիսկեր է պարունակում, որոնք անհնար է կանխատեսել, բայց իմ որոշումը վերջնական է։ Իմ՝ կինոռեժիսորի, ֆիլմ անելու իրավունքը, որ ես վաստակել եմ տարիների աշխատանքով, կամ թեկուզ միայն «Խճճված Զուգահեռներ» ֆիլմով, որի փառատոնային ճանապարհը, թող ներվի ասել, անկախության շրջանում չի կրկնել ոչ մի խաղարկային հայկական ֆիլմ, այսօր անօրինականությունների անհավանական հանգույցի է բախվել։ Երիտասարդ փսլնքոտների մի խումբ, պառաված, բայց քիթը մաքրել չսովորած տարեց փսլնքոտների հետ որոշել են կասեցնել իմ երկրում ֆիլմ նկարելու իմ իրավունքը։ Բայց խնդիրը միայն դա չէ։

Կինոկենտրոնը, իհարկե, կկատարի ֆիլմի հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Արմեն Ամիրյանը Գլենդելից բերած իր մասնագետի հետ կվերադարձնեն ֆիլմից վերցրած գումարը։ Միջազգային գործընկերների ներդրումները չեն փոշիանա, մենք կավարտենք ֆիլմը։ Եթե նկարահանման հրապարակ տանող ճանապարհը մեր երկրում անցնում է դատարանի միջով՝ խնդրեմ։ Փողոցային պայքարի, հացադուլի միջով՝ հարց չի։ Բայց հացադուլը, որը ես ըստ էության արդեն սկսել եմ, որովհետև հացադուլին պետք է պատրաստվել, միայն իմ խնդրով չի պայմանավորված։

Տարիներ շարունակ գարշելի մթնոլորտում ապրելով մենք մեղադրել ենք նախագահներին, օլիգարխներին, թաղային հեղինակություններին, ում ասես, բայց ոչ ինքներս մեզ։ Իսկ մթնոլորտը ձևավորվել է մեր զիջողությունների արդյունքներում։ Մենք զիջել ենք փոքր հարցերում, ապա միջին կարևորության հարցերում, ապա ամենակաևոր հարցերում, մինչև զիջելու բան չի մնացել, սկսել ենք մեղադրել։ Ու՞մ։ Երբ նոր իշխանության տակավին երիտասարդ ներկայացուցիչը իրենից երիտասարդ արվեստագետի ողբերգության առիթով հայտարարում է՝ «ես կարող էի ընտրությունների շրջանում քաղաքական դիվիդենտներ ձեռք բերել, բայց դա չարեցի» ես հասկանում եմ, որ հասարակական իմունիտետի իսպառ կորստի փաստի առաջ ենք։ Որովհետև բոլոր փողոց դուրս եկածներս միամտորեն կարծում էինք, որ խնդիրը իշխանությունն է։ Իսկ խնդիրն իրականում մենք ենք՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ։

Ահա այս Հասարակական դիմադրության, իմունիտետի վերականգնման համար է, որ ես դեկտեմբերի 3-ին կսկսեմ իմ հացադուլը։ Եթե Քիշնևի միջոցառումը չլիներ, կսկսեի հենց այսօր։ Այս պահին միակ բանը, որ հացադուլի հետ կապված ինձ մտահոգում է, վրանի բացակայությունն է։ Բայց ես չեմ կասկածում մեր ազգի առաքինությունների վրա։ Կարող եմ անձրևանոցով սկսել, վստահաբար մի քանի ժամ հետո կհայտնվեն մարդիկ, որ ինձ համար վրան կբերեն։ Ահա այս մարդիկ են իմ հույսը։ Հասարակության այն հատվածը, որը պետք է իմունիտետ ձևավորի իշխանություն կոչվող վիրուսի հանդեպ, առողջ հասարակություն ձևավորելու ու դա ոչ մի քաղաքական խմբակի չզիջելու պատասխանատվություն ստանձնի։ Հակառակ դեպքում մենք չենք կայանա որպես հասարակություն, և կմնանք «քաղաքական գործիչներ» պիտակի տակ հանդես եկող մոլագար ավանտյուրիստների հավերժ գերի։

Նկարն արվել է Նորվեգիայում, որի Արտաքին գործոց նախարարությունը անսպասելի մեծ դրամաշնորհ հատկացրեց «Խճճված Զուգահեռներ» ֆիլմի նորվեգացի արտադրողներին, երբ Ռոտերդամի կինոփառատոնը ընդգրկեց ֆիլմը իր «Փայլուն Ապագա» ծրագրում։ Այնքան մեծ, որ գումարի մի մասը ուղարկեցին ինձ, որպեսզի ես Մոսկվայում հատուկ Ռոտերդամի համար անգլերեն սուբտիտրերով օրինակ տպեմ․․․ երկրորդ կարևոր պատճառ, թե ինչու պետք է արտագաղթել Հայաստանից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ