22 11 2018

ՀՅԴ-ն պահանջում է վերականգնել ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքները

ՀՅԴ-ն պահանջում է վերականգնել ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքները

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը Հայաստանի Հանրապետությունում նոր բարդություններ և խտրական հարցեր է առաջացրել ծնունդով Իրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Վերջին օրերի ընթացքում Հայաստանի մի շարք բանկեր պահանջում են վերոնշյալ քաղաքացիներից` փակել իրենց անձնական բանկային հաշիվները: Ըստ էության՝ չի ապահովվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` օրենսդրությամբ նախատեսված իրավունքների իրացումը, ինչի արդյունքում մեր բազմաթիվ հայրենակիցներ զրկվում են բանկային ծառայություններից օգտվելու հնարավորությունից, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները, սահմանափակվում է նրանց տնտեսական գործունեությունը, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես Իրանում ծնված մեր քաղաքացիների սոցիալական վիճակի, այնպես էլ Իրան-Հայաստան տնտեսական կապերի և ակնկալվող ներդրումների  ընդհանուր գործընթացի վրա։  

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կարևորում է հայրենադարձված մեր քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, համահայկական ներուժի համախմբումը,  երկու երկրների ակտիվ տնտեսական ու ներդրումային ծրագրերի իրականացումը  և պահանջում է ՀՀ կառավարությունից ու ՀՀ Կենտրոնական բանկից` հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումը: Միևնույն ժամանակ, մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել իրավական և քաղաքական դաշտում լուծումներ գտնելուն՝ ի շահ մեր հայրենակիցների»:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ