20 11 2018

Խարդախությամբ փորձել են 1 մլն. եվրո հափշտակել

Խարդախությամբ փորձել են 1 մլն. եվրո հափշտակել

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ խարդախությամբ փորձ է կատարվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն  եվրո։ Դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ քննչական կոմիտեն ստացել է  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից՝ 2018 թվականի մայիսին, ըստ որի՝ քաղաքացու կողմից ներկայացվել է բանկային կեղծ մուրհակ՝  1 մլն եվրո վճարելու պարտավորության վերաբերյալ։

Օտարերկրյա քաղաքացին, 2018թ. ապրիլին ժամանելով Հայաստան,  տարբեր անձանց հետ հանդիպումների ժամանակ ներկայացել է որպես գործարար և Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկության վերաբերյալ հայտարարություններ արել՝  նպատակ ունենալով իր անձի վերաբերյալ ձևավորել պոտենցիալ ներդրողի  կարծիք: 2018 թվականի ապրիլի 9-ին օտարերկրացին «էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում  ներկայացրել է «էյչ-Էս-Բի-Սի Բանկ» Փի Էլ Սի ընկերության տվյալներով լրացված, 06.10.2017 թվագրված մուրհակ և նամակ՝ ընկերության անվերապահ պարտավորության վերաբերյալ՝ մուրհակի շահառու ընկերությանը կամ մուրհակը ներկայացնողին վճարել 1 մլն եվրոյի չափով գումար, և պահանջել բանկից  իրեն կանխիկ վճարել նշված 561մլն190 հազար դրամին համարժեք 1 մլն եվրո գումարը:

Մուրհակի վրա առկա անձանց ստորագրությունների իսկությունն ստուգելիս պարզվել է, որ դրանք կեղծ են, և որ բանկ ներկայացվել է կեղծ մուրհակ։ Օտարերկրացին, հասկանալով, որ ներկայացված մուրհակը կասկածի տեղիք է տվել, կարճ ժամանակ անց՝ նախքան բանկի կողմից իրավական ընթացք տալը, հեռացել է Հայաստանից։

Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ին որոշում է կայացվել օտարերկրացուն  (ԻԻՀ քաղաքացի)  ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ