14 11 2018

«Արզնու տոհմային ԹՏԽ»-ն տուգանվեց 20 միլիոն դրամով. ՏՄՊՊՀ

«Արզնու տոհմային ԹՏԽ»-ն տուգանվեց 20 միլիոն դրամով. ՏՄՊՊՀ

Նոյեմբերի 14-ին ՏՄՊՊՀ նիստում որոշվեց 20 միլիոն դրամով տուգանել «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությանը: Տուգանքը կիրառվել է անբարեխիղճ մրցակցության դրսևորման, մասնավորապես սպառողներին մոլորեցնելու, ինչպես նաև մրցակիցների հանդեպ բարեխղճության սկզբունքները խախտելու համար:

Կատարված կրկնակի փորձաքննությամբ հաստատվել է «Արզնի կաթի» կողմից անբարեխիղճ մրցակցության գործողության փաստը ՀՀ Մրցակցային մարմինը հարուցել է վարչական վարույթ «Հետք» լրատվամիջոցի՝ «Արզնի կաթ»-ը կարագի փոխարեն բուսայուղով ապրանք է վաճառում» վերնագրով հոդվածի հիման վրա :

Խմբագրության կողմից «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա հանձնված «Արզնի կաթ» 72.5% յուղայնությամբ կարագի փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ բաղադրության մեջ առկա է բուսայուղ, ինչը «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի խախտում է:

Պարզվել է, որ «Արզնի կաթ» ընկերության «քաղցրասերուցքային կարագ» անվանումով ապրանքը կարագ չի հանդիսանում, քանի որ դրանում կաթնային յուղի զանգվածային մասը կազմում է 0.01%-ից ցածր, այսինքն այն ամբողջովին պատրաստված է բուսական յուղերից: Սա այն դեպքում, երբ «կարագի» տուփի վրա նշված է. «սեփական անարատ կաթից», ինչպես նաև «մեր գործն արդար է» գրառումները, որոնք փաստացի մոլորեցրել են սպառողներին:

«Արզնի կաթի» ներկայացուցիչները հակառակն ապացուցող որևէ փաստ չեն ներկայացրել: Նրանք խնդրել են իրենց հանդեպ կիրառել մեղմ պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում: Նույն ֆերմայի, նույն կովերի կաթից արտադրված կարագի 1 կգ գինը 2 ամսվա ընթացքում բարձրացել է ավելի քան 1500 դրամով Խախտում կատարած ամիսների ընթացքում, ընկերության «քաղցրասերուցքային կարագ» կոչվող արտադրանքի մեկ տուփը (200գր ) վաճառվել է 530 դրամով, այն պարագայում, երբ հայկական արտադրության և նույն յուղայնության կարագների մեկ տուփի միջին գինը նույն ժամանակահատվածում կազմել է 900-950 դրամ:

Գնային այս խիստ էական տարբերությունը ընկերության ներկայացուցիչները բացատրել են սեփական ֆերմա ունենալու հանգամանքով, նշելով, որ կաթի ինքնարժեքը իրենց արտադրությունում ցածր է: Սակայն, ՏՄՊՊՀ-ի կողմից վարույթը հարուցելուց հետո, «նույն ֆերմայի, նույն կովերի կաթից» պատրաստված կարագի գինը դարձել է արդեն 830 դրամ, կամ 1 կիլոգրամի արժեքը 2600-ից՝ 4200 դրամ: Մանկապարտեզներին մատակարարված կաթնաշոռը ևս բուսական ծագման է

Դիտանցումներ են իրականացվել ընդհանուր առմամբ 2 տասնյակ մանկապարտեզներում՝ կաթնամթերքի մատակարարման ոլորտում հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով: Մանկապարտեզներում առկա կաթնամթերքը հանձնվել է փորձաքննության, որի արդյունքների համաձայն հետևյալ մանկապարտեզներին մատակարարված կաթնաշոռում ևս հայտնաբերվել է բուսական յուղ. « Երևանի Հ. 28 մանկապարտեզ», «Երևանի Հ. 157 մանկապարտեզ», «Երևանի Հ. 125 մանկապարտեզ», «Ժպիտներ» մանկապարտեզ, «Երևանի Հ. 101 մանկապարտեզ», «Երևանի Հ. 122 մանկապարտեզ»: Վերոնշյալ հանգամանքը հանդիսանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի խախտում: Կաթնաշոռի մեկ կիլոգրամը մանկապարտեզներին վաճառվել է 1200 դրամով, այն դեպքում, երբ սուպերմարկետներում տվյալ արտադրատեսակի 1 կիլոգրամի միջին գինը կրկնակի անգամ ավելի է` 2200-2300 դրամ:

Ընկերությունը 2014թ-ին դարձյալ հայտնվել է ՏՄՊՊՀ տեսադաշտում՝ այս անգամ ստանալով նախազգուշացում՝ թթվասերի անվան տակ թթվասերային արտադրանք իրացնելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ