12 11 2018

Զբոսաշրջության պետական կոմիտեում բարձիթողի վիճակ է. հայտարարություն

Զբոսաշրջության պետական կոմիտեում բարձիթողի վիճակ է. հայտարարություն

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեում բարձիթողի իրադրություն է։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանը։

«Թավշյա հեղափոխությունից հետո կոմիտեի նախագահ է նշանակվել հեղափոխության ընթացքում քչից–շատից քայլած Հռիփսիմե Գրիգորյանը, որը մինչ այդ կոմիտեի նախագահի թիմում խորհրդատու է եղել, իսկ քանի որ հետհեղափոխության փուլում քաղաքական, հայեցողական և վարչական պաշտոններում պետք է լինեին բարեփոխումներ, նա ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում, ինչպես ինքն է սիրում նշել մատ անելով հայտնվեց իր անմիջական ղեկավարի տեղում։

Նման տեսակը պետք է արմատախիլ արվի: Նոյեմբերի 9-ին գաղտագողի շրջանառության մեջ է դրվել Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանիս աշխատանքից ազատման վերաբերյալ նախարարի հրամանի նախագիծը առանց իրական և իրավական հիմքերի։ Իսկ դա այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում շուրջ երկու ժամ կոմիտեի նախագահի աշխատասենյակում հորդորվում էր ինձ ազատման դիմում գրել, այնուհետեւ չհաջողելով նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի կողմից շեշտվում էր, որ շաբաթ–կիրակի երկուստեք պետք է մտածենք երկուսով, այնինչ ինքն արդեն միջնորդագրեր էր ուղարկել անօրինական հրաման շրջանառելու համար՝ փորձելով ժամանակ կորզել»։

Արթուր Խաչատրյանը հավաստիացնում է՝ փոխնախագահի պաշտոնում կոմիտեի նախագահն իր թեկնածուն ունի, որին խոստացել է այդ պաշտոնը, իսկ իրեն խորհուրդ է տալիս ընտրել աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնը։ «Ցանկալի թեկնածուի անունը շահարկվում է որպես փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածու»,–հայտնում է Խաչատրյանը։

Նա նաեւ հավելում է՝ կոմիտեում բարձիթողի վիճակ է. «Մալբրի համակարգում ոչ մի գործի մակագրություն առկա չէ, այլ կան միայն որոշակի ժամկետային գործերի մասին տեղեկություններ, որոնց չկատարումը իմ կողմից կարող է դիտարկվել որպես աշխատանքի ուշացում։ Բոլոր գործերը մնում են կիսատ, ցաքուցրիվ վիճակում, կոմիտեում բարձիթողի իրադրություն է։ Չկա աշխատաժամանակի սկիզբ ու ավարտ, գրություններն հասնում են կոմիտեի նախագահին ու տեղից չեն շարժվում»,–ահազանգում է Խաչատրյանը։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ