08  11  2018

69-ամյա հոլանդացին պահանջում է պաշտոնապես «երիտասարդացնել» իրեն

69-ամյա հոլանդացին պահանջում է պաշտոնապես «երիտասարդացնել» իրեն

Նիդերլանդներում ապրող թոշակառուն դատարանով ցանկանում է փոխել իր տարիքը։ Նրա կարծիքով՝ «երիտասարդ» դառնալով՝ Tinder ծանոթությունների կայքում նա ավելի մեծ շանսեր կունենա, գրում է BBC-ն։

69-ամյա Էմիլ Ռաթելբանդը ցանկանում է պաշտոնապես փոխել իր ծննդյան ամսաթիվը՝ 1949 թվականի մարտի 11-ից այն դարձնելով 1969 թվականի մարտի 11։ Նա դա համեմատում է սեռը փոխելու հետ։

«Կարելի է փոխել անունը, սեռը, իսկ ինչո՞ւ ոչ տարիքը»,- հոլանդական թերթի հետ զրույցում ասել է նա։

Արնեմի քաղաքային դատարանը պետք  է մեկ ամսվա ընթացքում որոշում կայացնի այս հարցով։

Նշվում է, որ դատարանը գործի հեռանկարներին թերահավատորեն է մոտենում։ Նիդերլանդներում չկա իրավական մեխանիզմ, որը քաղաքացուն թույլ կտա պաշտոնապես փոխել տարիքը։

Ռաթելբանդը դատական հայցում նշում է, որ խտրականության է ենթարկվում իր տարիքի պատճառով, երբ ցանկանում է աշխատանքի ընդունվել կամ հարաբերություններ է որոնում Tinder ծառայությունում։

«69 տարեկանում ես սահմանափակ հնարավորություններ ունեմ։ Իսկ եթե 49 տարեկան եմ, կարող եմ տուն գնել, այլ մեքենա վարել, կարող եմ ավելի երկար աշխատել։ Եթե ես Tinder-ում նշում եմ, որ 69 տարեկան եմ, ինձ պարզապես ոչ ոք չի պատասխանում։ Իսկ եթե ես 49 եմ, իմ տվյալներով ես բավականին բարենպաստ վիճակում կհայտնվեմ»,- ասում է նա։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ